Քննարկումները հավաքականի հերթական խաղի շուրջ գնալով թեժանում են: Կհաղթե՞ն տղաները հանրահայտ պորտուգալացիներին, կհաջողվի՞ մեր ֆուտբոլիստներին կերտել հերթական պատմական հաղթանակը՝ անտեսելով առաջատար պորտուգալացիների գործոնը:
Թերահավատներն ու վատատեսները հավաքականի պարտության ականատեսն արդեն եղել են. ոմանք նույնիսկ հաշվից են տեղյակ: Իրականում ամեն ինչ կորոշվի միայն ժամեր անց:
Մի անգամ չէ, որ ականատես ենք եղել տղաների անհավանական գեղեցիկ ու ստացված խաղին: Այդ խաղի շնորհիվ նրանք կերտել են հաղթանակներ, որոնք պատմության մեջ կմնան հավերժ:
Սերբիայի հետ նախորդ հանդիպումը ապացույցն էր այն բանի, որ մերոնք կարող են, եթե պարզապես ուզում են ու նվիրվում են: Առանց առաջատարների, ունենալով վնասվածք ունեցող որոշ ֆուտբոլիստներ՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը արքաներին արժանի խաղ ցուցադրեց:
Այս անգամ ամեն բան առավել լավ է. գրեթե բոլոր առաջատար ֆուտբոլիստներն էլ շարք են վերադարձել: Մնում է միայն հավատալ ու սպասել, որ հոկտեմբերի 11-ի նվիրումն ու մարտական տրամադրվածությունը տղաներին չի լքել, և նրանք պատրաստ են կերտել հայկական ֆուտբոլի պատմության հերթական փառահեղ էջը:
Հավատանք ու սպասենք, որ տղաները կթեժացնեն քննարկումները հավաքականի անվան շուրջ՝ այս անգամ ոչ թե վատատեսական խոսքերով, այլ դրվատանքով ու խրախուսական խոսքերով:
Հ.Գ. Կուրախանամ հավաքականի օգտին խփված ցանկացած գոլից, սակայն երկու ֆուտբոլիստների աստղային ժամերին ես առանձնակի հետաքրքրությամբ ու ուրախությամբ եմ սպասում: