Եթե մարդիկ մի պարզ բան հասկանան, կարող է շատ բան փոխվել մեր հավաքական մտածողության մեջ: Բոլոր այն մտքերը, առաջարկությունները, պահանջները, հաճախ հրամայականները, որոնք սկսվում են՝ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ-ով, օդի մեջի դատարկ խոսակցություններ են կամ ձայն բարբառո անապատի: Ամեն քայլափոխի և ամենուր մարդկանցից լսում ես՝ մենք պետք է հարձակվենք, մենք պետք է պատժենք, մենք պետք է դատապարտենք, օրենքներ ստեղծենք, աշխատատեղեր բացենք, արտագաղթը կանգնեցնենք: Էլ չեմ խոսում ավելի բարձր պահանջներից՝ մենք պետք է իշխանափոխություն անենք, օլիգարխիան ու կաշառակերությունը վերացնենք երկրից և նմանատիպ հազարար ու մի այլ պահանջներ:
Երբ մի ժողովուրդ խոսում է ՄԵՆՔ-ով և այդ մենքի անունից նման պահանջներ բարձրացնում, նորմալ երկրներում, սովորաբար այդ ՄԵՆՔ-ը իր՝ ժողովրդի ընտրած իշխանություններն են լինում, նրանց են ուղղված լինում այդ կարգի պահանջները և նրանք էլ պարտավոր են կատարել իրենց ընտրողների կամքը: Սակայն մենք՝ հայերս, մի բան չենք ըմբռնում, որ մենք չունենք օրինական ընտրված լեգիտիմ իշխանություններ, որոնք արտահայտեին մեր հավաքական կամքն ու բավարարեին մեր պահանջները: Ավելին, նրանք անում են միանգամայն հակառակը, այսինքն այն, ինչը վնասում է մեր պետականությանը և ազգային շահերին:
Հետևաբար, ժամանակն է հասկանալ, որ ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԱՅԴ ՄԵՆՔԸ և չպետք է միամտաբար բաներ պահանջենք այդ չեղած ՄԵՆՔ-ից, ավելի ճիշտ՝ ՀԱԿԱՄԵՆՔԻՑ: Մեր ՄԵՆՔԸ՝ ՄԵՆՔ ԵՆՔ, բախտի քմահաճույքին մատնված, տարերայնորեն ապրող, գոյության համար կռիվ տվող, «անգլուխ» հայ ժողովուրդը: Ուրեմն մեր ՄԵՆՔՆ էլ պետք է գործի տարերայնորեն, աստիճանաբար ինքնակազմակերպվի, երբեք այլևս միամտաբար որևէ հարցով ՀԱԿԱՄԵՆՔԻՆ չդիմի, այլ ամբողջ ուժով պայքարի երկիրը զավթած այդ ինքնակոչ անարխիստների դեմ:
Ուրեմն այսուհետև հենց որ մեկն իր պահանջը, իր ցասումն ու զայրույթը սկսեց, ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ բառերով, ուրեմն պետք է հասկանա, որ այդ ՄԵՆՔԸ ինքն է ու իր կողքինը, ուստի ինքն էլ պետք է սկսի իր պայքարը, որը պետք է ուղղված լինի ՀԱԿԱՄԵՆՔԻ դեմ, առանց որի տապալման ՄԵՆՔ չենք ունենա ՄԵՐ ԻՐԱԿԱՆ ՄԵՆՔԸ...