Ամբողջ կյանքում մտածել և գրեթե համոզված եմ եղել, որ երբ լուսանկարում ես ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան, ուրեմն երբեք նրան չես կորցնի: Բայց երեկ ինչ-որ տեղ կարդացի, որ մեր լուսանկարները մեզ ցույց են տալիս այն, ինչ մենք կորցրել ենք...երևի ճիշտ է: Մեր լուսանկարներում այն բոլոր վայրերն են, որտեղ գուցե էլ երբեք չենք վերադառնալու, այն բոլոր ժպիտներն են մեր մանկությունից, բոլոր ծաղիկներն են մեր պատանեկությունից, որ ժամանակը խլել է մեզնից ու հուշ դարձրել լուսանկարի տեսքով: Ու երբ օրվա հոգսերից հոգնած նստում ես, որ ջերմանաս հուշերիդ խարույկի մոտ, բացում ես լուսանկարներդ ու տեղափոխվում հետ...զգում ես այն պահերը, որ կան լուսանկարում, ժպտում ես լուսանկարից քեզ նայող մանկանը, ով արդեն մեծացել է, ինչու չէ նաև հին ընկերներին, գուցե մարդկանց, ովքեր այլևս չկան, կամ պարզապես լքել են քեզ: Բայց քո լուսանկարում նրանք կան, դու սիրում ես լուսանկարդ, որովհետև եթե մարդն իրականում փոխվել է, ապա նկարում նա այն հինն է, նկարում եղած մարդը չի փոխվել:
Ասում են նաև, որ կյանքի ամենաերջանիկ պահերը նրանք են, որոնք ոչ ոք չի լուսանկարում, բայց միևնույնն է, դու քո ամբողջ կանքում դրանք հիշում ես: Գուցե հենց սա է պատճառը, որ ինձ ամենաթանկ ու հարազատ մարդկանց հետ ամենաքիչ նկարներն ունեմ կամ դրանք ընդհանրապես չկան...չէ՞ որ այդ պահին այնքան ուրախ եմ եղել, որ լուսանկարչական ապարատի փոխարեն սիրտս է լուսանկարել...
Հ.Գ. Հետաքրքիր է` դու զգու՞մ ես, երբ նայում եմ լուսանկարիդ...