1in.am-ը գրում է․
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Գոհություն ենք մատուցում Սուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, որ շնորհը պարգեւեց` 2014 թ. նոյեմբերի 11-13-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Եպիսկոպոսաց ժողով գումարելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, եւ քննարկելու մեր Եկեղեցուն ու ժողովրդին հուզող հարցեր:
Աղոթքով ենք հիշում Հայոց Ցեղասպանության բյուրավոր զոհերին, ովքեր նահատակվեցին վասն հավատո եւ վասն հայրենյաց: Հավատում ենք, որ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասումը հոգեւոր նորոգություն և մխիթարություն է բերելու մեր ժողովրդի զավակներին: Հորդորում ենք մեր ժողովրդի աշխարհասփյուռ զավակներին՝ գործուն մասնակցություն բերել 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և անմեղ զոհերի սրբադասմանը` հիշատակի նվիրական արարողությունները դարձնելով քաջալերանք հավատքի ամրության, հոգևոր կյանքի նորոգության և հայ ինքնության պահպանության:
Եպիսկոպոսաց ժողովը հրավեր է ուղղում քրիստոնյա ողջ աշխարհին՝ աղոթքով միանալու 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին` հայցելով նաեւ Տիրոջ օրհնությունը աշխարհում արդարության, խաղաղության ու համերաշխության հաստատման և մարդկային կյանքը փոթորկող բազում տագնապների ու մարտահրավերների հաղթահարման համար:
Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը` վճռականորեն շարունակելու Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված` 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը: Կոչ ենք ուղղում նաև Թուրքիայի Հանրապետությանը` ճանաչելու հայ ժողովրդի դեմ գործված Ցեղասպանությունը և վերահաստատելու մեր ժողովրդի արդար իրավունքները:
Աղոթում ենք առ Աստված մեր նորօրյա նահատակների` Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների հանգստության համար: Դատապարտում ենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների սահմաններին մինչ օրս ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունները, որոնց ցավալի վերջին դրսեւորումը եղավ նաեւ եպիսկոպոսաց ժողովի գումարման օրերին հայկական ուղղաթիռի խոցումը և հայորդիների ողբերգական կորուստը: Աղոթք ենք բարձրացնում զոհված հայորդիների հոգիների հանգստության համար` բերելով մեր ցավակցությունն ու զորակցությունը հայրենիքի համար զոհված քաջարի մեր մարտիկների ընտանիքներին: Մեր ժողովրդի արդար իրավունքների և պահանջատիրության իրականացման ճանապարհին կարևոր հանգրվան պիտի լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի եւ խաղաղ կարգավորումը, համաձայն միջազգային նորմերի` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ:
Եպիսկոպոսաց ժողովը նաև իր մտահոգությունն է հայտնում աշխարհի տարբեր կողմերում, մասնավորաբար` Միջին Արեւելքում` Սիրիայում և Իրաքում, ինչպես նաեւ` Ուկրաինայում չդադարող հակամարտությունների առիթով, որ պատճառ են դառնում մարդկային բազմաթիվ զոհերի եւ ավերածությունների: Մեր զորակցությունն ենք բերում հակամարտության գոտիներում բնակվող խաղաղ բնակիչներին` այդ թվում եւ մեր ժողովրդի զավակներին, աղոթելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարի եւ աշխարհում համընդհանուր ու տեւական խաղաղության հաստատման համար:
«Քրիստոս է մեր Աստուած, եւ մեք յուսամք ի նա» վստահությամբ ու Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առջեւ պարտքի գիտակցումով` եպիսկոպոսաց ժողովը վերանորոգում է իր սրբազան ուխտը շարունակելու իր նվիրական առաքելությունը՝ հանուն Հայ Եկեղեցու պայծառության, ազգային միասնականության, մեր երկրի զորացման ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության:
Թող Ամենազորն Աստված պահապան լինի մեր Եկեղեցուն, Հայրենիքին եւ Ազգին Հայոց այսօր եւ հավիտյանս, Ամեն»: