Ախթալայի վանական համալիր (նաև Պղնձահանք), X դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր, գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ախթալա գյուղում` Երևանից 185 կմ հյուսիս: Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քակեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ: Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը:
Միջնադարում վանքը հայտնի էր որպես Պղնձահանքի վանք: Կիրակոս Գանձակեցին իր "Հայոց Պատմությունում" հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թ. և նրա դին ամփոփվեց Պղնձանահքում, որը Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարցրել վրացական (այսինքը՝ ուղղափառ) եկեղեցի: Դարցնելով ուղղափառ եկեղեցի, ուղղափառություն ընդունած Իվանե Զաքարյանը այն վերակառուցեց և անվանեց Ախթալա: Ըստ Գանձակեցու, նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանեի որդի, իշխան Ավագը (մահ, 1250 թ. Բջնիում):
Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով: Որմնանկարները կատարվել են XIII դարում, երբ եկեղեցին վերափոխվեց քաղկեդոնականի: Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է:
Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր` սեպտեմբերի 20-21, երբ վանք են այցելում հայեր, հույներ ու վրացիներ:
Եկեղեցու որմնանկարների ստորին շերտը վերաբերում է 11-րդ դարին: Գունազարդումը բնորոշ է բյուզանդական արվեստին, իսկ թեմատիկ լուծումները` հայկական մանրանկարչությանը: Իսկ 13-րդ դարում և հետո կատարված որմնանկարները հարազատ են բյուզանդական արվեստին: Դրանց մեծ մասն ունի հունարեն, մի մասն էլ` վրացերեն արձանագրություններ: Երկշերտ բարձրարվեստ որմնանկարները պատկերում են Հին և Նոր կտակարանների առանձին դրվագներ, սրբերի պատկերներ, այդ թվում` և Գրիգոր Լուսավորչի պատկերը: Խորանի գմբեթարդին Մարիամ Աստվածածինն է` գահին նստած, մանուկ Հիսուսը գրկին. (պահպանվել է որմնանկարի միայն մի մասը), նրանից ներքև հաղորդության` խորհրդավոր ընթրիքի տեսարանն է: Հիսուսը պատկերված է երկու անգամ` մերթ շրջված դեպի աջ և մերթ դեպի ձախ` առաքյալների հետ հացը կիսելիս:
Պահպանվել են Պետրոս, Հովհաննես, Պողոս առաքյալների, Ղուկաս և Մատթեոս ավետարանիչների պատկերները:
Քիչ ավելի ներքևում ողջ հասակով պատկերված են սրբեր, ի թիվս որոնց` Հռոմի Սեղբեստրոս պապի, Հակոբ Տյառնեղբոր, Հովհան Ոսկեբերանի, Բարսեղ Մեծի, Գրիգոր Ա Լուսավորչի, Աթանաս Ալեքսանդրացու, Հռոմի Կլեմենտ (Կղեմես) պապի, Գրիգոր Սքանչելագործի, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գրիգոր Աստվածաբանի, Կիպրիանոս Կարթագենացու պատկերները:
Արևմտյան պատի որմնանկարներում պատկերված է երկնային արքայությունը, իսկ հյուսիսային պատին` Հիսուսի չարչարանքները, Կայիափա քահանայապետը ու հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացին: Կամարները, միջնապատերն ու սյուները նույնպես պատկերազարդված են սրբագրային թեմաներով և սրբերի դիմապատկերներով: Որմնանկարների մի մասը վերականգնվել է:
Ախթալայի վանական համալիրում Սերգեյ Փարաջանովը նկարահանել է “Նռան գույնի” որոշ տեսարաններ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=282212265213961&set=a.266642306770957.44227.260698287365359&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել