Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն ընկալվում է հակառակ տեսանկյունից, ամեն ինչում նախ վատն ենք փնտրում, հետո եթե ոմանք սկսում են նաև լավը նկատել, ստիպված դիմադրում ենք, որ մեզ սխալ չհանեն:
Օրինակ՝ ինչ-որ պաշտոնյա գրում է բանակի մասին, բոլորը մեղմ ասած թռնում են դեմքին, թե դու ի՞նչ իրավունք ունես տաքուկ կաբինետում նստած բանակից խոսել: Մյուսը, տեսնելով նախորդին ինչ օրն են գցել, գնում է սահմանային առաջին գիծ, նկարվում զինվորների հետ, հրապարակում դրանք, որ ապացուցի, թե ինքը ոչ միայն տաքուկ կաբինետներում է, սրան էլ էժանագին PR-ի մեջ ենք մեղադրում: Հաջորդ պաշտոնյան արդեն ոչ գրում է, ոչ նկարվում, սրան էլ անտարբերության համար ենք քլնգում...
Մեկը իշխանության մաս է կազմում, հետագայում հասկանում է, որ անիմաստ վարկաբեկվում է, սկսում է քննադատել նույն այդ իշխանություններին, իսկ նրանք, ովքեր առաջ քննադատում էին իշխանություններին, հիմա սկսում են քննադատել իշխանությանը քննադատողներին, սրանց էլ իրենց հերթին քննադատում են քննադատողներին քննադատողների քննադատողները ու մի հատ բորշչ են սարքում, որ ժողովուրդը ոչ մեկից գլուխ չի հանում, մինչդեռ կարելի է նախ հասկանալ առաջնահերթությունները ու փորձել ընդհանուր եզրեր գտնել, ոչ թե բոլորին սևացնել ու պոպուլիզմով զբաղվել:
Մարդիկ մեծ և փոքր չափերի բարեգործությամբ են զբաղվում, որի մասին եթե խոսում են, ուրեմն էլի սեփական շահ են հետապնդում, իսկ եթե չեն խոսում, ուրեմն մարդ չեն, էդքան փող ունեն, մի բանով չեն օգնում էս ժողովրդին...
Ու ընդհանրապես արժեքները էն աստիճան են աղճատվել, էս ժողովրդին էն աստիճան կասկածամիտ են դարձրել, որ էսօր մարդուն կանչես, տուն-տեղ առաջարկես, երևի կհրաժարվի, որովհետև կմտածի, որ տակը մի բան կա, ինքը հաստատ կտուժի, եթե համաձայնվի:
Մի կողմ թողնենք իշխանություն, ընդդիմություն, ընդդիմության ընդդիմություն, ոչ իշխանական ու այլ եզրույթները, որովհետև յուրաքանչյուր հասարակություն ստանում է այն, ինչին արժանի է: Էսօր բոլորը բոլորի ձեռքը կրակն են ընկել, բոլորը բոլորին ավելի վատն են համարում, քան իրենք են, բոլորը բոլորի մասին կոմպրոմատներ են հրապարակում, մութ անցյալներ են բացահայտում, բայց մարդիկ դրանից ոչ սկսում են լավ ապրել, ոչ էլ դրանք լսելու կարիքն ունեն: Ամեն մեկը թող ազնիվ լինի ու ոչ թե մյուսին գցելով, սևացնելով առաջ գնա, այլ ապացուցի, որ ինքը մյուսների նկատմամբ ինչ-ինչ հարցերում առավելություն ունի, ինչ-որ բան ավելի լավ կանի, մարդկանց մեջ դուրս գալուց էլ չի ամաչի իրա կեղտոտ էությունից, չի մտածի, որ ամեն անկյունում չուզողներ ունի:
Մի խոսքով, երկար ստացվեց ու մի քիչ խառը, բայց հասկացաք երևի՝ ինչ եմ ուզում ասեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10203014537792421
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել