Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը կանխամտածված արկածախնդրություն է, որին հայկական կողմի պատասխանը պետք է լինի ծանրակշիռ, բայց շատ հեռու այն նույն բովանդակությունից, որի համաձայն առաջ է շարժվում Ադրբեջանը:
Որքան էլ միջադեպն ինքնին աննախադեպ է, մեր արձագանքը չպետք է անցնի ռացիոնալության սահմաններից: Ադրբեջանի տխրահռչակ ղեկավարությունն այս պահին սրտատրոփ սպասում է, որ հայկական կողմն իրավիճակի ազդեցության տակ կանի այնպիսի քայլեր, որոնք կհագեցնեն իր արկածախնդիր ախորժակը: Բայց որևէ դեպքում մենք այս հարցում Ադրբեջանին չպետք է բավարարվածություն պատճառենք: Ալիևի համար շատ ավելի ցավոտ կլինի մեր հենց նման պահվածքը: Դիկտատորի գլուխն իրականում որքան տաք է, այնքան էլ խառն է, ու աստիճանաբար իր ունիկալ դեմքը փրկելու ստրատեգիաները էլ ավելի խառն են դարձնելու իր գլուխը: Ի վերջո, արդյունքում փոս փորողն ինքն է ընկնում փոսը:
Մարտավարական նպատակադրում և ռազմավարական նպատակադրում կատեգորիաների միջև մեր ընտրությունը պետք է լինի երկրորդի օգտին: Առաջին դեպքում, անշուշտ, մեր բանակը ի զորու է հենց հիմա մի լավ դաս տալ Ադրբեջանին, բայց դա մեզ այս պահին պետք չէ: Մենք ավելի շահեկան դիրքում կհայտնվենք երկրորդ կատեգորիայով գործելու դեպքում: Քանզի ներկա փուլում Ալիևն իր ստրատեգիական դատարկությունը քողարկելու համար դիմում է ցածրակարգ մարտավարական հնարքների, ուրիշ ոչինչ: