Life.panorama.am-ը գրում է․

Կան մարդիկ, որոնց հիշելու համար ամեն օր պետք չէ տեսել հեռուստատեսությամբ, նրանք մեր մանկության հիշողություններում են… Life.Panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նաիրա Շահիրյանն է. միշտ հմայիչ, միշտ կանացի, միշտ նուրբ ու գեղեցիկ: Դերասանուհին մեզ հետ կիսվեց իր գործունեության, ընտանիքի ու նախասիրությունների մասին:
-Գիտեմ, որ հիմա բավական ծանրաբեռնված եք: Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք՝ զրուցելու:
- Իսկապես զբաղվածությունս շատ է. նկարահանվում եմ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Տնփեսա» սիթքոմում: 1989 թվականից ես թատրոնում հաստիքային աշխատող եմ ու մինչ այսօր աշխատանքս այնտեղ ոչ մի վայրկյան չի դադարել: Թեև, «մեծացել» եմ թատրոնում՝ մայրիկիս կողքին:
-Հասցնո՞ւմ եք երկուսը միասին՝ նաև ընտանիք:
-Նաև թոռնիկ… Մեր տանը բոլորը տղամարդիկ են, պետք է հասցնեմ: Ես սովոր եմ տան գործերն ինքնուրույն անել: Կարևորն այն է, որ ամեն օր համեղ մի բան պատրաստեմ իրենց համար: Ինձ համար, ինչպես ցանկացած կնոջ համար, առաջնայինը կյանքում ընտանիքն է:
-Ուտելու հարցում քմահա՞ճ են Ձեր տան տղամարդիկ:
-Ոչ, ուղղակի նախասիրություններն են մի քիչ տարբերվում. փոքր տղաս մսի հետ այնքան էլ սեր չունի, իսկ ամուսինս և մեծ տղաս՝ Արմանը, ավելի շատ մսային ուտելիքներ են սիրում: Ես արդեն 25 տարի է միս չեմ ուտում:
-Ինչո՞ւ, բուսակե՞ր եք:
-Ոչ, ես կաթնամթերք, ձու, ձուկ, երբեմն՝ հավի միս, օգտագործում եմ: Իսկ երշիկ և կենդանու միս՝ ոչ: Պատճառն այն է, որ Հալեպում՝ հյուրախաղերի ժամանակ, մսից, դմակներից պատրաստված կերակուրներից ալերգիկ ցան առաջացավ ինձ մոտ: Մեկ անգամ էլ հեռուստացույցով կենդանիների սպանդ տեսա: Այդ օրվանից այլևս չկարողացա կենդանու միս ուտել: Նույնիսկ, երբ մսային ճաշատեսակ պատրստելիս կտրատում եմ միսը, այդ հոտից վատ եմ զգում:
-Փաստորեն, Ձեզ համար ամանորյա շրջանը բավական մեծ փորձություն է ենթադրում:
-Դե, ընդհանրապես մենք՝ հայերս, այդ տոնը մեզ համար փորձություն ենք սարքել: Եթե վերադառնանք մեր ակունքներին, կհասկանանք, որ ամանորյա սեղանին մսային կերակուր երբևիցե չի դրվել: Սեղանը զարդարել է պասուց դոլման, տնական հալվան, որն, ի դեպ, տատիկս միշտ պատրաստում էր: Չէ՞ որ Նոր տարին պահքի շրջանում է լինում: Երբ այդ գոճիներին տեսնում եմ սեղանին, չեմ կարողանում այդ սեղանի մոտ նստել:
-Տիկին Շահիրյան, ես այն սերնդից եմ, որոնց «Բարի գիշեր» մաղթում էին նաև Ձեր ձայնով: Այսօր ինչո՞ւ երեխաների՝ թեկուզև 15 րոպե տևողությամբ, բարի աշխարհը չկա:
-Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ այսօրվա երեխաների համար շատ ու շատ այլ հետաքրքրություններ կան: Բոլորիս համար մեծ ցավ է, որ այսօր Հայաստանում մանկական հեռուստաընկերություն չունենք: Ափսոսում եմ, որ «Հայրենիք» հեռուստաընկերությունը փակվեց: Ես չէի ցանկանա, որ իմ թոռնիկը ժամանակակից մուլտֆիլմերով դաստիարակվեր: Երբ 94-95 թվականին փակվեց «Հեքիաթն է կանչում» հաղորդաշարը, երեխաների մի սերունդ մնաց առանց հեքիաթի: Առանց այդ էլ այդ սերունդը զրկված էր շատ ու շատ բաներից: Այդ դաշտն ամբողջովին բաց էր մնացել: Հիմա փորձում են այն լրացնել, բայց չեմ կարծում, որ պետք է այդ բացը լրացվեր այն ֆիլմերով ու մուլտֆիլմերով, որոնցով լցնում են: Կերպարները, որոնք նույնիսկ աչքի համար են տգեղ, հերոս են դառնում երեխաների համար: Դրանք ոչ գեղագիտական հաճույք են պատճառում, ոչ բովանդակային, ոչ էլ դաստիարակչական մղում ունեն: Անհասկանալի «հերոսներ» են և անհասկանալի «սյուժեներ»: Ինչպես այսօրվա մուլտֆիլմերի հերոսներն են քառակուսի, այդպես էլ սյուժեներն են քառակուսի ու ոչինչ չասող: Գեղեցիկ ու հետաքրքիր մուլտֆիլմեր ևս կան, որոնք ուղղակի պետք է կարողանալ հայերեն լավ թարգմանել ու երեխաներին մատուցել: Օրինակ, ես մեծ սիրով եմ նայում «Ուոլդ դիսնեյի» մուլտֆիլմերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



