Sport.times.am–ը գրում է.
![]()
Մադրիդի «Ռեալում», ինչպես ցանկացած ակումբում, դաշտից դուրս ևս կյանք գոյություն ունի: Մարզիչների ու ֆուտբոլիստների հետ զուգահեռ տասնյակ պրոֆեսիոնալներ են աշխատում, և թիմի հաջողությունները նաև նրանցն են: Մոտ մեկ տարի առաջ իր ղեկը լքեց այդ մարդկանցից մեկը` Ֆերնանդո Մանսոն կամ «Ֆրենանդոն», ինչպես նրան դիմում էր Իկեր Կասիլյասը: Պաղեստինցին 14 տարի «Ռեալի» ավտոբուսի վարորդն էր...
2013 թվականի դեկտեմբերի 14-ը նրա վերջին աշխատանքային օրն էր: Այդ օրը «Ռեալը» Լա լիգայի շրջանակում հանդիպելու էր «Օսասունային»: Վարորդը, ում ավտոբուսի մեջ եղել են Յիերոն, Ռեդոնդոն, Ֆիգուն, Ռաուլը, Բեքհեմը, Օուենը, Ռոնալդոն, Զիդանը, Ռոբենը, Կական, Ռոնալդուն, Բեյլը և այլ աստղեր, ասում է. «Մարդիկ չեն էլ պատկերացնում, թե իմ աշխատանքն ինչ պատասխանատվություն է ու ինչ ճնշում»:
Ֆերնանդոն ավտոբուսից դուրս է գալիս անհավատալի ձեռքբերումներով. իր առաջին ճանապարհը «Ռեալի» հետ նա անցել է 2000-ի հունվարին ու այդ օրվանից ականատես է եղել Չեմպիոնների լիգայի երկու հաղթանակի, Եվրոպայի մեկ սուպերգավաթի, Լա լիգայում 5, Արքայական գավաթի 1, Իսպանիայի սուպերգավաթի 4 հաղթանակների: Նույնքան հաղթանակ թիմի հետ ունի նաև Իկեր Կասիլյասը:
«Նրանց օդանավակայարան էի տանում ու դիմավորում գավաթներով»,-ասում է Ֆերնանդոն:
Այդքան երկար կարիերայից հետո վարորդի հիշողության մեջ բազում պահեր են ամրացել:
«Նրանց հետ աշխատելը պատիվ ու հպարտություն էր ինձ համար: Բոլորին ամենայն բարիք եմ մաղթում նոր վարորդի հետ»,-ասում է Ֆերնանդոն:
«Marca» պարբերականի հետ զրույցում Ֆերնանդո Մանսոն հետաքրքիր պատմություններ է ներկայացրել:
Խնդիրներ «Ատլետիկոյի» երկրպագու ոստիկանի հետ
«Թիմի մարզիչն այդ ժամանակ Վիսենտե դել Բոսկեն էր, ու մենք ուշանում էինք օդանավից: Թիմը պետք է խաղար Չեմպիոնների լիգայում: Մենք սարսափելի խցանման մեջ էինք, ու ես ծառայողական ճանապարհից օգտվեցի, որ ժամանակ չկորցնենք: Սակայն մի ոստիկանի դա դուր չեկավ, ու նա կանգնեցրեց մեզ: Ինձանից փաստաթղթեր պահանջեց: Խնդրեցի մեզ բաց թողնել ու խոստացա, որ ավելի ուշ կվերադառնամ ու ցույց կտամ, բայց նա չզիջեց: Դել Բոսկեն, Թոնի Գրանդեն ու նույնիսկ Յիերոն, Ֆիգուն դուրս եկան ավտոբուսից, որ խնդրեն մեզ բաց թողնել, բայց նրա վրա դա ազդեցություն չունեցավ: Ավտոբուսում կատակում էին` «Նա հաստատ «Ատլետիկոյի» երկրպագու է»: Ոստիկանը մեզ բաց թողեց միայն փաստաթղթերը ստուգելուց հետո»:
Դել Բոսկե. «Ֆերնանդո, որդիս, այդպես մի տանջվիր»
«Հիշում եմ, որ կայծակը չէր թողնում թիմին ինքնաթիռով վերդառնալ Սանտանդերից: Մենք ստիպված էինք ավտոբուսով վերադառնալ: «Ֆերնանդո, որդիս, այդպես մի տանջվիր»,-ասում էր ինձ Վիսենտե դել Բոսկեն: Իսկ նրա օգնականը` Գրանդեն, ընդհակառակը, խորհուրդ էր տալիս նրան ուշադրություն չդարձնել»:
11.000 կմ դեպի Գլազգո և հակառակը
«8 տարվա ընթացքում ավտոբուսով գնացել եմ Եվրոպայում տեղի ունեցած բոլոր խաղերին, բացի նրանցից, որոնք Մոսկվայում են անցկացվել: Ամենաերկար ճանապարհը դեպի Գլազգոն էր, երբ գնալ-գալը միասին 11 հազար կիլոմետր կազմեց: Հիշում եմ, որ թիմից 2 օր հետո վերադարձա Մադրիդ, միանգամից գնացի Սիբելես, քանի որ թիմը 9-րդ գավաթն էր նվաճել ու 2 անգամ շրջապտույտ կատարեցի շատրվանի կողքով մինչև ավտոտնակ գնալս: Մեքենաները միացրել էին ազդանշանները, մարդիկ գոռում էին ու ծափահարում»:
Ավտոբուսի համարներով վիճակախաղ
«Շատ երկար ժամանակ ակումբի մարդիկ ու մի քանի ֆուտբոլիստ վիճակախաղ էին գնում ավտոբուսի համարներով: Երբեմն ակումբից հեռացած ֆուտբոլիստները դեռ շարունակում էին գնել այն: Որևէ մեկը երբեք չշահեց, բայց ես դեռ շարունակում եմ գնել դրանք»:
Պելեգրինին հանդերձարանից դուր եկավ, որ ինձ գրկելու համար
«Ակումբից հեռանալուց հետո առաջին անգամն էր, որ Մանուել Պելեգրինին վերադարձել էր «Սանտյագո Բերնաբեու»: Ես գտա նրա օգնականին ու խնդրեցի բարևել մարզչին: 5 րոպե անց ինքը` Պելեգրինին եկավ ինձ գրկելու: Նա միայն դրա համար էր դուրս եկել, հետո նորից մարզադաշտ վերադարձավ: Նա անհավատալի մարդ է»:
![]()
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ