1. Ադրբեջանական ագրեսիային մեր բանակը միշտ էլ պատասխանել է ու պատասխանել է շատ խիստ, բայց դա նրանց չի կանգնեցնում: Ինչու՞: Մի կողմից մարդկային կյանքերն իրենց համար նշանակություն չունեն, մյուս կողմից հայկական ռազմական հակահարվածին չի հետևում ոչ մի քաղաքական, դիվանագիտական աջակցություն, ամրապնդում: Այսինքն մեր կողմից բանակը միայնակ է կռվում Ադրբեջանի դեմ, առանց թիկունք, առանց քաղաքական հետևանքների (նկատի ունեմ առանց պետական մյուս ինստիտուտների): Այդ է պատճառը, որ նույնիսկ մեկին տաս ադրբեջանիցներին կոտորելով՝ նրանց կանգնեցնել չի լինում: Հետևություն` այս անգամ մենակ բանակի ուսերին չպիտի մնա վրեժխնդրությունը (գրելու հետ մեկտեղ հիշում եմ մեր տելեպուզիկ արտգործնախարարին ու հասկանում եմ, թե ինչքան անհույս է այս ասածս) և հայկական ռազմական հաղթանակները պետք է ամրապնդվեն քաղաքական ու դիվանագիտական դաշտում:
2. Եթե հիմա վրեժխնդրություն չլինի, ապա դա կթուլացնի հասարակության հավատն ու վստահությունը բանակի ու պետության նկատմամբ: Նման դեպքերում հակահարվածի համար առանձնապես շատ տարբերակներ չկան` ավելի մեծ ու ավելի ազդեցիկ, դա է ընդհանուր սկզբունքը` դիրքեր, բարձրունքներ վերցնել, գնդակոծել բնակավայրերն ու խուճապ առաջացնել, ոչնչացնել զինվորներին ու սահմանից երևացող ցանկացած տեխնիկան և այլն: Չեմ ուզում էս թեմայով շարունակել, խորհուրդներ տալը հեշտ է, հատկապես, երբ անողը դու չես: Ես ուղղակի հավատում եմ, որ բանակն ուժեղ պատասխան կտա:
3. Հուսով՝ եմ այս ագրեսիան առիթ կտա հասկանալու, որ մեր երկրում խաղաղություն ապահովելու համար Ադրբեջանի բանակից մի քիչ առավել լինելը դեռ խաղաղության երաշխիք չէ, պետք է ձգտել տասնապատիկ անգամ առավելության, որպեսզի նման դեպքերում մի քանի շրջան անցնեն հայկական կողմին: Խաղաղության ուրիշ բանաձև Հայաստանը չունի:
4. Տեսանյութից երևում է, որ լավ գիտեին, որ չի անցնելու, բայց միևնույն է՝ որոշել են խփել, նախապատրաստված էր: Ինչո՞ւ: Գիտեին, որ հայերը չէին սպասում հարվածի, գիտեին, որ օգոստոսի ջարդերից հետո իրենց բանակի ոգին բարձրացնել է պետք, խնդիր էր դրված պրովոկացիայի գնալ...: