Թույլ տա՞լ իրականացնել հղիության արհեստական ընդհատում, թե ոչ...
Թույլ տա՞լ անբուժելի հիվանդ մարդկանց դիմել էֆթանազիայի, թե ոչ...
Վճարե՞լ հղի չաշխատող կանանց, կամ բոլոր հղիներին առհասարակ, թե ոչ...
Հրաժարվե՞լ մահապատժի իրականացումից, թե ոչ...
Այս հարցերի շարքը կարելի է շարունակել տարբեր ոլորտներով, ուղղություններով, բայց գրառմանս նպատակն այն է, որ
1. ցույց տամ, թե ուրիշ ինչ պատասխաններ ունեն ճիշտ կամ սխալ պատասխան չունեցող հարցերը,
2. ցույց տամ, որ ուղղաթիռի հետ կապված դեպքին պետության արձագանքն էլ չի լինում ճիշտ կամ սխալ՝ ավանդական ընկալմամբ (մինչդեռ հենց այդպիսի պատասխաններ են շատերն այժմ առաջարկում կամ ակնկալում):
Վերը նշված հարցերը, որոնք առնչվում եմ մարդու կյանքի կամ պետության ճակատագրի հետ, իրականում չունեն ճիշտ կամ սխալ պատասխաններ, առավել ևս երբ կապված են կյանքը դադարեցնելու կամ պատերազմի վտանգի հետ: Նման հարցերին տրվող պատասխանները երեք տիպի են՝ նպատակային, արժեքային և ավանդական:
Սկսենք երրորդից. ավանդական պատասխանն այն է, որ մարդու կյանքը մենք չենք տնօրինում, որ մարդի՛կ չեն երեխա ունենում, այլ Աստված է նրանց երեխա պարգևում, ամեն ինչ Աստծո կամքով է, որ պետությունը պետք է ապահովի հղիների և նորածինների, ինչպես նաև չաշխատողների մինիմալ կենսական պայմանները, բնականաբար, աշխատող մարդկանցից վերցվող հարկերի հաշվին և այլն:
Արժեքաբանական կամ արժեքային պատասխանն այն է, որ մարդու կյանքը բացարձակ արժեք է (և հղիությունը, օրինակ, արհեստականորեն ընդհատել չի կարելի, իսկ եթե երեխա չէր ուզում, թող չհղիանար), որ պատմական արդարությունը և ազգային արժանապատվությունը բացարձակ արժեքներ են (և պետք է պատերազմել Ադրբեջանի հետ, հաղթել և հետո ուլտիմատում հայտարարել Թուրքիային, որ ընդունի Ցեղասպանությունը), միաժամանակ հրաժարվել մեծ բազմիցս դավաճանած Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալուց և այլն:
Նպատակային պատասխանն, իր հերթին, ելնում է հանրության և պետության առջև կանգնած մարտահրավերներին դիմադրելու անհրաժեշտության նպատակահարմարությունից, այլ կերպ ասած՝ ոչ թե իրավիճակն է թելադրում պատասխան կամ գործողություն, այլ՝ նպատակը: Օրինակ, ընդհանուր նպատակահարմարությունից ելնելով է, որ Չինաստանում մեկ ընտանիքում երկու երեխա ունենալն արգելվել է: Եվ այդ որոշումը ոչ ճիշտ է, ոչ սխալ, այլ՝ նպատակահարմար և համարժեք իրավիճակին ու երկարաժամկետ նպատակներին:
Եվ, վերջապես, եկեք փաստենք, որ հայկական ուղղաթիռի հետ կապված դեպքը նույնպես ճիշտ կամ սխալ պատասխան (արձագանք)՝ ավանդական և արժեքային մակարդակներում, չունի: Այդ պատասխանի ճիշտ կամ սխալ լինելը չափվում է ոչ թե իրավիճակով պայմանավորված ցանկությունների իրականացմամբ, այլ ՀԱՄԱՐԺԵՔՈւԹՅԱՄԲ՝ իրավիճակին, ղարաբաղյան հարցի հայանպաստ կարգավորման ներկա փուլին և ազգային-հանրային-պետական շահերին:



