Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին (հարցազրույցը կայացել է մինչև Բուլղարիայի հավաքականի դեմ հանդիպումը):

 - Հենրի՛խ, Հայաստանի հավաքականը բավականին լավ անցկացրեց Եվրո-2012-ի ընտրական փուլը: Չնայած նրան, որ թիմին չհաջողվեց եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերել, բայց ցույց տվեց արդյունքներ, որը զարմացրեց եվրոպական ֆուտբոլի երկրպագուներին: Սկսվել է նոր ընտրական փուլը: Ինչպիսի՞ն են ձեր տպավորությունները Հայաստանի հավաքականի նախապատրաստությունից:

- Ինչ վերաբերվում է Եվրո-2012-ի ընտրական փուլին, ապա դա արդեն պատմություն է: Եվ դա ամենալավ հիշողությունները չեն: Մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի խուսափենք նախկին սխալներից:

 - Արդեն որոշակի ժամանակ է անցել Եվրո-2012-ի ընտրական փուլի հանդիպումներից: Ինչպե՞ս դուք կգնահատեիք ձեր խաղը այդ հանդիպումներում:

 - Կարող եմ ասել, որ մենք կարող էինք ավելի լավ խաղալ: Մեր մարզիչը փորձում էր, նոր թիմ կառուցել՝ թիմում փորձարկելով շատ երիտասարդ խաղացողների: Բայց նրան որոշակի ժամանակ է պետք, որպեսզի բոլոր բաղադրիչները նա ի մի բերի: Մինասյանը փորձում էր կազմի փորձարկումներ անել և մեկնարկային խաղերում մեզ համար հեշտ չէր: Հիմա մենք դասեր կքաղենք անցկացրած հանդիպումներից:

 - Նախորդ հարցազրույցի ժամանակ, դուք պնդում էիք, որ Հայաստանի հավաքականի այդ հաջողությունները երջանիկ պատահականություն չեն, այլ խաղացողների և մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունք: Աշխարհում շատ կան ֆուտբոլիստներ, ովքեր քրտնաջան աշխատում են: Ինչո՞ւմն է Հայաստանի հավաքականի նման հաջող ելույթների և առաջընթացի գաղտնիքը:

 - Ֆուտբոլիստները, ովքեր գալիս են հավաքականում խաղալու, աշխատում են լիարժեք տրվել խաղին: Յուրաքանչյուրը ցանկանում է բարելավել իր խաղային որակները և շատ աշխատել: Նրանք ովքեր շատ են աշխատում իրենց խաղում առաջընթաց են գրանցում:

 - Հայերը սկսեցին ավելի շատ հետաքրքրվել ֆուտբոլով, հատկապես Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղից և ցույց տված արդյունքներից հետո՞:

 - Ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը միշտ էլ եղել է, բայց եղել են տարբեր ժամանակաշրջաններ, երբ ոչ ոք չէր հավատում մեր հավաքականին: Հիմա մարդիկ հավատում են մեզ և մեծ հույսեր են կապում:

 - Հայաստանի հավաքականը ԱԱ-2014 ընտրական փուլում իր առաջին տնային հանդիպումը կանցկացնի հոկտեմբերին Իտալիայի հավաքականի դեմ: Կարո՞ղ եք խնդիրներ ստեղծել նման ուժեղ հավաքականի և խմբի մյուս ուժեղ թիմերի համար:

 - Մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի ոչ միայն խնդիրներ ստեղծենք իտալացիների համար, այլ նաև ձգտենք հաղթանակի հասնել այդ խաղում: Ի վերջո, մենք տանն ենք հանդես գալու՝ մեր երկրապգուների առաջ: Մենք պետք է հնարավոր ամեն բան անենք: Մինչև Իտալիայի դեմ հանդիպումը մեզ սպասում է Բուլղարիայի դեմ խաղը, որտեղ մեզ անհրաժեշտ է լավ արդյունքի հասնել:

 - Ի՞նչ կարող եք ասել իտալացիների հաջող ելույթների մասին Եվրո-2012-ի ընթացքում, որոնք հասան մինչև եզրափակիչ:

 - Ըստ իս, հենց Եվրոպայի առաջնության մեկնարկից Իտալիայի հավաքականը ցուցադրում էր ամենագրավիչ ֆուտբոլը: Սկսած առաջին հանդիպումից նրանք հոյակապ խաղ էին ցուցադրում, որի հետ ոչ մի թիմ չէր կարող համեմատվել: Իտալացիները արժանի էին եզրափակիչ դուրս գալուն: Եվ չնայած եզրափակչում 0:4 հաշվով պարտությանը, նրանք արժանի մրցակից էին:

 - Ի՞նչ արդյունքի եք ցանկանում հասնել Իտալիայի հավաքականի դեմ խաղում

 - Ես գիտեմ, որ դա մեզ համար մեծ մարտահրավեր է: Մենք ակնկալում ենք լավ խաղ ցուցադրել ու խաղում ենք մեր երկրի համար և ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք:

 - Հայաստանի հավաքականը կարո՞ղ է խմբից դուրս գալ: Ի՞նչ արդյունք ես ակնկալում:

 - Մենք չենք մտածում, թե ով է մեր մրցակիցը, մենք ցանկանում ենք յուրաքանչյուր խաղում հաղթել:

 - Իսկ որո՞նք են Հայաստանի հավաքականի ուժեղ կողմերը:

 - Չնայած, որ մեր թիմը երիտասարդ է, նրանք շատ տրամադրված են խաղում և ամեն ինչ պետք է անեն ինչին ընդունակ են: Մենք կաշխատենք աջակցել միմյանց, և եթե որևէ մեկը ինչ-որ սխալ անի, ոչ ոք նրան չի մեղադրի:

 - Իսկ ի՞նչ կասես գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մասին: Ինչպիսի՞ն է նրա ազդեցությունը թիմի վրա:

 - Նա երիտասարդ ու լավ մասնագետ է: Մենք ուրախ ենք, որ աշխատում ենք նման մարզչի գլխավորությամբ, մեր բախտը բերել է, որ այս տարիների ընթացքում միասին ենք աշխատել:

 -  Դու նրա գլխավորությամբ մարզվել ես դեռ «Փյունիկում»: Այդ փաստը ձեր հարաբերությունները յուրահատուկ դարձնու՞մ է:

 - Գլխավորն այն է, որ նա հասկանում է ֆուտբոլիստներին: Մինասյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է մի քանի տարի առաջ: Նա ֆուտբոլիստներին հավասար մեզ խորհուրդներ է տալիս, որպեսզի կարողանանք բարելավել մեր որակները:

 - Վերջին երեք տարվա ընթացքում երկու անգամ դարձել ես Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ի՞նչ ես կարծում, այս երեք տարվա ընթացքում մեծ առաջընթաց գրանցե՞լ ես:

 - Չեմ կարող դրա մասին ինչ-որ բան ասել: Ես կցանկանայի շարունակել այդ առաջընթացը: Կուզեի երախտիքի խոսքեր հղել իմ թիմին, առանց որի դա հնարավոր չէր լինի: Ես ամեն օր աշխատում եմ, որ ավելի լավը դառնամ:

 - Հայաստանի հավաքականն իր կազմում մի քանի փորձառու ֆուտբոլիստներ ունի՝Ռոման Բերեզովսկին ու Սարգիս Հովսեփյանը: Նրանք նույնպես մեծ մրցաշարերի՝ Չեմպիոնների լիգայի փորձ ունեն: Ի՞նչ ես կարծում, կկարողանա՞ս ապագայում դառնալ հավաքականի առաջատարներից մեկը:

 - Դա մեծ պատիվ է, որ ես այդ ֆուտբոլիստների հետ միասին եմ խաղում, նրանք հայկական ֆուտբոլի լեգենդներն են: Ես նրանցից շատ բան եմ սովորում: Ես ուղղակի ցանկանում եմ թիմին օգտակար լինել ու այնպիսի ֆուտբոլիստ դառնալ, ում մասին դուք արդեն նշեցիք:

 - Հոկտեմբերին Սարգիս Հովսեփյանը կնշի հավաքականի կազմում իր 20-ամյակը, կարո՞ղ եք այդ առիթով ինչ որ բան պատմել: Ինչպե՞ս կարող է այդպիսի ֆուտբոլիստի ներկայությունը տրամադրել մյուս ֆուտբոլիստներին:

 - Նրա ջանասիրությունը մեզ համար լավ օրինակ է: Նա հիանալի ուսուցիչ է:

 - Իսկ որքանո՞վ է Սարգիս Հովսեփյանը կարևոր հայկական ֆուտբոլի ու սպորտի համար:

 - Նա հավերժական առաջատար է: Հիանալի օրինակ մյուս երիտասարդների համար, թե նա ինչ է խոսում և անում սպորտում:

 - Ի՞նչ ես կարծում, Միրչա Լուչեսկուի գլխավորությամբ աշխատելուց հետո դու ավելի ես կայացել, որպես ֆուտբոլիստ:

 - Ես ձգտում եմ  ամեն րոպե, ամեն ժամ, ամեն օր աշխատել, որպեսզի բարելավեմ որակներս ու օգնեմ թիմին: Ամեն ինչ անում եմ, որ չկորցնեմ մարզչի վստահությունը, քանի որ նա ինձ համար միշտ մեծագույն մարզիչ է եղել  ու կա: Միրչա Լուչեսկուի շնորհիվ ես Ուկրաինայի առաջնության 8 խաղում դարձել եմ 11 գոլի հեղինակ:

 - Իսկ ի՞նչ կասես Չեմպիոնների լիգայի վիճակահանության մասին:

 - Մեր թիմն ընդունակ է դուրս գալ խմբից: Լուչեսկուն մեզ կբացատրի, թե ինչպես պայքարենք մեր մրցակիցների դեմ:

 - Իսկ Չեմպիոնների լիգայում  նախորդ տարվա ելույթներից ի՞նչ հետևություններ եք արել:

 - Մենք ամեն ինչ անում ենք, որ լավ խաղանք, և մենք կապացուցենք, որ նախորդ տարվա անհաջողությունը պատահականություն էր:

 - Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ո՞ր գործոնն է ամենակարևորը:

 - Լավ խաղն ու լավ արդյունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել