Հայ ազգը ցեղասպանության է ենթարկվել, կարծեմ անգամ ուրացող թուրքերը հոգու խորքում գոնե նման կասկած ունեն: Հիմա թե մեզանից յուրաքանչյուրը այդ գիտակցությունից ինչ է դառնում, ինչ է մտածում, ինչպես է դա անդրադառնում իր հոգեկերտվածքի, ներաշխարհի և մտածողության վրա՝ իրականում անհատական է: Եվ՝ խորապես: Ցեղասպանվածի բարդույթների և ցեղասպանվածի հիշողության միջև վիթխարի տարածություն կա: Ի դեպ, ցեղասպանության բարդույթից ամեն գնով խուսափելը, կրկնեմ՝ ամեն գնով, նույնպես բարդույթ է: Ցեղասպանության թեմային հպանցիկ անդրադառնաը, կատակի տալը, տոլերանտ լինելու, կրեատիվ լինելու զոռ ճիգերը նույն շրջանակներում են: 
Այո, ես ցեղասպանված, բայց վերապրած մի ազգի զավակ եմ, ով չի ուզում և չի կարող մոռանալ կատարվածը, ում մեջ հատուցման պահանջ կա՝ արյան ու բնազդի մակարդակով: Նույնիսկ քաղաքական բոլոր վերլուծություններին ու տրամաբանությանը հակառակ... Բայց ես չէի էլ ուզենա «անբարդույթ» մեկը լինել, ով թուրքի դեմ պայքարի անկարողության ընդունումից ելնելով՝ պայքարում է իր արյան հիշողության դեմ: 
Վերջ ի վերջո, հազարամյակների ընթացքում ազգերը խառնվում են, ուծացվում, նոր ազգեր են ասպարեզ գալիս.... Բայց առայժմ ես ուզում եմ լինել հայ, թեկուզ՝ ցեղասպանված, թեկուզ՝ ժամանակավրեպ արդարության և հատուցման հույսերով... Որովհետև ես հենց այնպես չեմ գոյացել, այլ հազար-հազար տարիների միջով ինձ փոխանցված արյան վերածնունդն եմ և ուրեմն՝ ես նա եմ, ով ցեղասպանվեց: Եվ ով վերապրել և ապրում է... 
Ցեղասպանության հոգեբանությունը, իհարկե, նման անդրադարձի թեմա չէ, բայց ստացվեց ակամա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել