Ամենահարուստ հայի հաջողության գաղտնիքները. Քըրք ՔըրքորյանSlaq.am-ը գրում է․

Այս հանգիստ ու ամաչկոտ մարդը երբեք հարցազրույց չի տալիս, չունի կրեդիտային քարտ և էլէկտրոնային հասցե, երբեք մանրածախ խանութներում առևտուր չի անում, հանրության առջև ելույթներ չի ունենում: Նա անում է իր աշխատանքն ու համարում, որ իր գործերը պետք է խոսեն իր մասին:

Գրիգոր Գրիգորյանը չորս զավակներից կրտսերն էր, ով ծնվել է 1917 թվականի հունիսի 7-ին Ֆրեզնո քաղաքում: Հայրը ժամանակին կարողացել էր որոշակի հաջողության հասնել, սակայն Մեծ դեպրեսիայի տարիներին Գրիգորյանների ընտանիքը կորցնում է իր ունեցվածքը: Ուստի կարիքը ստիպում էր արդեն, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ փող վաստակի:

Փոքրիկ Քըրքը` նրան այդպես էին կոչում տանը, ևս բացառություն չէր: Նա զբաղվում էր ամեն ինչով` թերթեր էր ցրում, բեռնակիրություն էր անում, փողոցներն էր մաքրում, մի խոսքով այն ամենով, ինչով կարողանում էր փող աշխատել: Երբ Քըրքը դեռ միջնակարգ դպրոցում էր, սիրողական բռնցքամարտի թեթև քաշային կարգում չեմպիոն դարձավ: Դա էր պատճառը, որ Քըրքը որոշեց զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով: Սակայն Թեդ Օ’Ֆլայերթիի հետ հանդիպումը ճակատագրական եղավ նրա համար: 1939 թվականին 22-ամյա Քըրքը ժամում 45 ցենտ էր վաստակում` օգնելով բուխարիների վարպետ Օ’Ֆլայերթիին:

Ինքնաթիռներով տարված Օ’Ֆլայերթին միշտ համոզում էր Քըրքին, որ իր հետ գնա ինքնաթիռ վարելու, և երկար մերժելուց հետո Քըրքը որոշում է գնալ: Առաջին թռիչքից հետո նա այնպես էր տպավորվել, որ հաջորդ օրը նույնպես վերադարձավ թռիչքադաշտ: Բռնցքամարտիկ դառնալու ցանկությունն արդեն չկար, քանի որ Քըրքի համար գերնպատակ էր դարձել օդաչու դառնալը: Նա փնտրում էր մարդ, ով կսովորեցներ իրեն ինքնաթիռ վարել և գտավ մի ռանչո, որտեղ կար ավիացիոն դպրոց: «Ես փող չունեմ, չունեմ նաև կրթություն, ես ցանկանում եմ թռչել սովորել, սակայն ես չգիտեմ, թե ինչպես պետք է անեմ:

_Դուք կարո՞ղ եք ինձ օգնել,_ասում է նա ռանչոյի տիրոջը: Պարզվեց, որ ոչ փող էր պետք, ոչ էլ կրթություն, ուղղակի պետք էր կով կթելու և գոմաղբ հավաքելու ցանկություն: Վեց ամիս անց Քըրքն ուներ արդեն օդաչուի վկայական: Քըրքը պատմում է, որ ինքը լսել էր թագավորական ուժերի մասին, որոնք թռչում էին կանադական Մոնրեալից: Քըրքորյանն անմիջապես գնում է այնտեղ, որտեղ իրեն վարձում են: Նա այդ աշխատանքից ստանում էր անհավանական թվացող գումար` 1000 դոլար մի ճամփորդության համար:

Քըրքն այս ժամանակահատվածում կարողացավ տնտեսել իր աշխատավարձի մեծ մասն ու 5000 դոլարով գնեց միաշարժիչ Cessna ինքնաթիռ, որով կարողանում էր օդաչուներին թռչել սովորեցնել: 1947 թվականին Քըրքորյանը կարողացավ ձեռք բերել մի փոքրիկ չարտերային գիծ` Los Angeles Air Service-ը, որը վերանվանեց Trans International Airlines` TIA և առաջարկեց գերարագ ծառայություններ առանց չվացուցակի:

Քըրք Քըրքորյան

1965 թվականին Քըրքորյանը TIA-ի բաժնետոմսերի տեղաբաշխում իրականացրեց, և քանի որ ամերիկահայերը նրան լավ էին ճանաչում արդեն, սկսեցին գնել այն: Այդպիսով այդ բաժնետոմսերի գինն աճեց 9,75-ից մինչև 32 դոլար: Այսինքն նա կարողացավ իր անվան վստահելի իմիջի դիմաց հսկայական գումարներ ձեռք բերել:

1968 թվականին Քըրքն ուներ արդեն 85 մլն դոլարի արժեթղթեր, ինչը նրան դարձնում էր ամենամեծ բաժնետերը: Այդ ժամանակ էր, որ Քըրքը որոշեց ընկերությունը վաճառել, քանի որ հետաքրքրությունն ինքնաթիռներից կամաց-կամաց անցնում էր խաղատներին: Երբ նոր էր ձեռք բերել առաջին ինքնաթիռը, նա այցելեց առաջին անգամ Լաս-Վեգաս ու սիրահարվեց այդ քաղաքին: Քըրքի խոսքերով իր կյանքի լավագույն տարիներն անցել են Լաս-Վեգասում:

1940-ից 1950 – ական թվականներին Քըրքը հայտնի խաղամոլ էր, ով կարող էր մի գիշերվա մեջ տանուլ տալ 80 հազ. դոլար: Ի վերջո նա դադարեց խաղալ ընդհանրապես: 1962 թվականին Քըրքորյանը գլուխ բերեց մի գործարք, որը Fortune ամսագիրը անվանեց «Լաս- Վեգասի ամենահաջողակ հողային գնումը»: Նա Լաս-Վեգասի Strip թաղամասում 960հազ դոլարով ձեռք բերեց 80 ակր հողատարածք և դրանով կասեցրեց իր մրցակից Caesars Palace-ի կառուցումը: Այնուհետև Caesars Palace-ի տնօրենի հետ հանդիպումից հետո Քըրքորյանը 4 մլն դոլար ստացավ տարածքի վարձակալությունից, մինչև նրա վաճառքը: Այս գործարքն ու TIA-ի վաճառքից ստացված եկամուտները բավական էին, որ Քըրքորյանը պատրաստ լիներ Լաս-Վեգասի իր առաջին հյուրանոցը կառուցել:

1967 թվականին Քըրքորյանը 5 մլն դոլարով ձեռք բերեց 82 ակր հողատարածք և սկսեց իր International հյուրանոցի կառուցումը: Հյուրանոցն ուներ նաև մանկական սրահ, որտեղ երեխաները կարող էին հետաքրքիր ժամանակ անցկացնել, քանի դեռ նրանց ծնողները զբաղված էին: Եվ սա այն դեպքում, երբ աշխարհում ոչ մի հյուրանոց երեխաների մասին առանձնակի հոգ չէր տանում: Բացի այդ հյուրանոցի բացմանը ներկա էին լավագույն երգիչներն ու դերասանները, իսկ մինչ այդ ոչ ոք նման բան չէր արել երբևէ:

Քըրքորյանը հյուրանոցի բացման հետ մեկտեղ տեղաբաշխեց 17% բաժնետոմսերը 5 դոլարով, սակայն ընդամենը մեկ ամիս անց այդ բաժնետոմսերն արդեն վաճառվում էին 50 դոլարով: Լաս-Վեգասում մեծ հաջողությունների հասնելու տարիներին Քըրքը սկսեց ուսումնասիրել նաև Հոլիվուդի կինոարդյունաբերությունը: 1969 թվականին նա գնեց Metro-Goldwyn-Mayer MGM ստուդիան, սակայն 2005 թվականին այն վաճառեց Sony-ին 5 մլրդ դոլարով: Միշտ չէ, որ Քըրքորյանի գործերը լավ են գնացել: International-ը կառուցելիս նա մեծ պարտքեր էր կուտակել և համոզված էր, որ բաժնետոմսերի երկրորդ թողարկումից կարող էր այն վերադարձնել, սակայն ԱՄՆ-ի բորսաների խորհուրդը նրան թույլ չտվեց IPO իրականացնել: Այսպիով Քըրքորյանը ստիպված էր պարտքը մարելու համար վաճառել իր սեփական բաժնետոմսերի կեսը Hilton Hotels-ին: Քըրքորյանը ստիպված էր վաճառել Լաս-Վեգասի իր տունը, ինքնաթիռն ու զբոսանավը:

Նրա գործընկերները զարմացած էին իրենց ընկերոջ հանգստության վրա: Սակայն արդեն 1973 թվականի հուլիսի 5-ին տեղի ունեցավ Քըրքորյանի երկրորդ հյուրանոցի բացումը: 107 մլն դոլարանոց մեգառեզորթը անվանվեց Grand Hotel, որն աշխարհի ամենամեծ հյուրանոցն էր այդ ժամանակ: Այն ուներ 2084 սենյակ 26 հարկերում, 1200 տեղանոց ցուցասրահ, առևտրի սրահ և այլն: 1980 թվականի նոյեմբերին հյուրանոցում հրդեհ բռնկվեց, որից մահացավ 85 մարդ ու հարյուրավոր մարդիկ ստացան տարբեր տեսակի վնասվածքներ: Քըրքն այդ ժամանակ Նյու-Յորքում էր և Վեգաս ժամանեց 2 ժամ հետո: Առաջին հարցը որ նա տվեց, հետևյալն էր.
_Որտեղի՞ց ենք սկսելու:
Շատերը կարծում էին, որ նա իր մեջ ուժ չի գտնի հյուրանոցը վերակառուցելու համար, բայց նրանք սխալվում էին:

Բնական է, հիմա ամենահարուստ հայը նա չէ...

Քըրքի համառությունն անսահման էր և ութ ամիս անց նրա հյուրանոցը կրկին վերաբացվեց: Բայց այստեղ մի հարց, չեմ ցանկանում ներկայացնել նրա գնումները, վաճառքներն ու թվերը, դա կարող եք կարդալ ամենուր, այլ ավելի հետաքրքիր է, թե նա ինչպես ընկղմվեց խաղատան ու հյուրանոցային բիզնեսում:

Շատերն են ասում, որ Լաս-Վեգասի բոլոր հյուրանոցներն ու խաղատները կառուցվել են մաֆիայի փողերով, սակայն դա իրականում այդպես չէ: Միակ հյուրանոցը, որ կառուցվել է մաֆիայի փողերով Ֆլամինգոն է: Բայց ամեն ինչ սկսվում է միլիարդատեր Գորդ Հյուզից ով, որպես ժառանգություն, հորից ստանում է նավթի մի քանի հանքեր: Իսկ նավթից եկող գումարները նա չի վատնում, այլ ներդնում է ինքնաթիռաշինության մեջ, կնքում է մի քանի կարևոր պայմանագրեր ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետ` դառնալով ԱՄՆ-ի հետախուզության ամենակարևոր աշխատակիցներից մեկը: Նա համարվում է 30-40-ականների ԱՄՆ-ի ամենահզոր գործարարներից:

Իր ծննդյան օրը Հյուզն անց է կացնում Լաս-Վեգասի հյուրանոցներից մեկում, երբ պատահաբար հանդիպում է մաֆիայի ներկայացուցիչներին, ոչ ավել, ոչ պակաս, քան վերելակում: Հյուզը միանգամից որոշում է գնել այդ հյուրանոցը և այնտեղ տեղակայել իր անվտանգության ցանցի աշխատակիցներին, քանի որ մաֆիայի առկայությունը վտանգավոր էր գործարարի համար: 40 մլն. դոլարով նա գնում է այս հյուրանոցն ու մի քանի օր հետո մտածում.

_Ինչպե՞ս, այստեղ ես ապահով եմ, իսկ մնացած հյուրանոցներում նույն խնդիրն եմ ունենալու: Հարկավոր է հյուրանոցները վերցնեմ ձեռքս:

Եվ նա գնեց բոլոր հյուրանոցներն ու խաղատները` այնտեղ հաստատելով իր անվտանգության համակարգերը: Վերոնշյալ քայլով նա կարողացավ չեզոքացնել մաֆիային, որպեսզի նրանք հյուրանոցային բիզնեսից նրանք հեռու մնան: Իսկ այս մարդն ի՞նչ կապ ունի մեր հայրենակցի հետ: Քիչ հետո կիմանաք:

Չունենալով բարձրագույն կրթություն` Լաս-Վեգասի գլխավոր փողոցի բոլոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը Քըրքորյանինն էր: Ուղղակի նշեմ նրա ունակությունը, եթե կարդացել եք առաջին մասը, նկատել եք, որ նա ինքնաթիռներ էր տեղափոխում Կանադայից Անգլիա: Այդ ծառայության դիմաց նա ստանում էր 1000 դոլար, բայց… խնայում էր վառելիք, որը վաճառելով հսկայական գումար էր աշխատում: Իսկ ինչպե՞ս էր խնայում: Իհարկե հոսանքի ուղղությամբ գնալով, նա կարողացել էր գտնել իսլանդական հոսանքի ուղղությունը, որը նրան հնարավորթյուն էր տալիս ավելի արագ հասնել տեղ: Նա այնքան հմուտ էր, որ 33 անգամ կարողանում է ԱՄՆ-ից թռնել Անգլիա այն պարագայում, երբ 4 օդաչուից միայն մեկին էր հաջողվում հասնել հաջողության, կուտակել գումար և խնայել նաև վառելիք ու վաճառել այն: Սա իմ կարծիքով հային բնորոշ է:;)

Հիշենք, որ Քըրքորյանն առաջին մարդն էր, ով ստեղծեց չարտերային (մասնավոր) չվերթը, Լոս-Անջելես – Լաս-Վեգաս ուղղությամբ, կամ ավելի կոպիտ հաշվարկով օդային տաքսի էր: Նա այս չվերթներով զգալի գումարներ էր աշխատում: Եվ այդ չվերթներից մեկի ժամանակ նա հանդիպում է մի խաղամոլի, ով ասում է.

_Քըրք, դու իսկական գործով չես զբաղվում, ինչու չես ցանկանում այդ գումարները ներդնել ու խաղալ:

Քըրքը դարձավ ամենահայտնի խաղամոլներից մեկը, բայց չի ներգրավվում, այլ անընդհատ զբաղվում է ավիափոխադրումներով: Վերջապես նա իր կուտակած գումարով` 60 հազ. դոլար, գնում է Տրանս Ինթերնեյշնլ Էյրլայնսը: Քըրքը կարողանում է հիանալի կերպով օգտագործել Վիետնամի պատերազմը` տեղափոխելով զինվորներին չարտերային չվերթներով դեպի Վիետնամ և կատարել ԱՄՆ-ի կառավարության պետ-պատվերները` ավելացնելով իր ինքնաթիռների քանակությունը: Նա այնքան է այս ընկերությունը զարգացնում, որ հետագայում վաճառում է 104 մլն դոլարով: Պատկերացնու՞մ եք ներդրումների արդյունավետությունը: Ցնցող է, բրավո մեր հայրենակցին:

Հենց այս 104 մլն դոլարն էլ դառնում է նրա առաջին գնումների խաղաթուղթը: Սակայն այսքան գումարով հնարավոր չէր գնել խաղատներ, ուստի այլ օգնություն էր պետք: Ես երկրորդ մասում արդեն նշել եմ, թե ինչ գործարքներ է կատարում Քըրքը խաղատան և հյուրանոցային բիզնես մտնելիս, ուստի ավելացնեմ ևս մեկ փաստ: Երբ նրան գումար էր հարկավոր, ոչ ոքի չդիմեց, այլ նրան օգնեց հայ համայնքը, ովքեր հսկայական գումարներ ներդրեցին Քըրքի նախագծերում և իրենց պլաններն արդարացան, քանի որ Քըրքը չխաբեց:

Նշեմ, որ առաջին խաղատունն ու հյուրանոցը, որը գնեց Քըրքը հենց Ֆլամինգոն էր և գնեց այն Հյուզից: Ո՞րն էր պատճառը: Ֆլամինգոյի կառուցողը հայտնի հանցագործ Բենջամին Սիգելն էր, իսկ հյուրանցն իր սիրուհու անունով էր` Ֆլամինգո: Սիգելը բազմաթիվ գումարներ էր վերցրել, սակայն չէր հասցնում կառուցել, քանի որ Եվրոպայում հաշվեհամար էր բացել և փոխանցում էր Ֆլամենգոյի անունով հատուկ հաշվին: Երբ մի քանի այլ հանցագործներ տեսնում են ոչ այդքան հարմարավետ կառույցը, սպանում են Սիգելին, որովհետև դա ուներ իր իմաստը: Թերթերի առաջին էջին հնչելու էր, որ մահացել է Ֆլամինգո խաղատան սեփականատերը և բազմաթիվ մարդիկ այցելելու էին հենց այս խաղատունը, որպեսզի տեսնեն այն: Եվ Քըրքը տեսնում է, որ այս հյուրանոցի համբավը մեծանում է, առաջինն էլ գնում է Ֆլանինգոն և չի սխալվում: Իսկ դա տեղի է ունենում այն պարագայում, որ Հյուզը մաքրած է լինում այն մաֆիայից: Ահա այս գնումն էլ դառնում է խաղատան ու հյուրանոցային բիզնեսի սկիզբը:

Քըրքի խաղատների ռազմավարությունից մի փոքրիկ հատված:

Բոլորս էլ գիտենք, որ խաղատներում ժամացույցներ չկան, բայց… Ոչ մի խաղատանը չկան նաև հայելիներ, քանի որ ոչ մի մարդ չպետք տեսնի իր իրական դեմքը, այսինքն իրեն հերոս պատկերացնի: Քանի որ ոչ մեկ այդքան էլ վստահ չի զգում իրեն, երբ իր արտաքինում ինչ-որ թերություններ են լինում, դրա համար հայելու բացակայությունը մարդկանց դարձնում է ենթագիտակցորեն կատարյալ: Ներքին հարդարանքում խստիվ արգելվում է օգտագործել կապույտ գույնը: Դա բացատրվում է նրանով, որ այս գույնի ներքո և մի թեթև մթության մեջ մարդու դեմքն ավելի գունատ ու վախացած է երևում, ուստի խաղատանն ամեն ինչ կարմիր է, վառ, արտահայտիչ, ոսկեգույն: Անգամ ավտոմատ մեքենաները, որոնք հաղթելուց միայն թղթադրամներ էին տալիս, ապա այդ պահին պետք է ոսկու ընկնելու ձայն արտահայտեն ու բարձր, որպեսզի ազդեն մարդկանց ենթագիտակցության վրա:

Ահա այսպիսին էր մի մարդ, ով երբեք ձայնը չի բարձրացնում, ելույթ չի ունենում, չի մասնակցում ոչ մի հայտնի միջոցառման, չունի էլեկտրոնային հասցե, ինտերնետ, բջջային հեռախոս և կրեդիտ քարտ, երբեք ինքնաթիռ չի նստում, քանի որ սիրում է ինքը վարել, ամեն օր խաղում է թենիս, ում համար աշխարհի ամենամեծ հարստությունն իր երեխաներն են:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել