Ես 23 տարեկան էի: Իգրը 25 տարեկան էր: Արդեն դարձել էի ավագ սերժանտ, ծառայությանս վերջին վեց ամիսներն էին: Իգրը իմ հրամանատարներից էր՝ ավագ լեյտենանտ: Ֆիզիկապես, հոգեպես ու ինտելեկտուալ արտասովոր ուժեղ: Այդ ժամանակ մտերմացա Իգրի հետ: Ինքը մեծ հրամանատար էր մի պարզ պատճառով, ինքը համ ուժեղ հոգեբան էր համ ուժեղ մարտիկ: Ես այդպես էլ իրանից նվիրյալ սպա չտեսա, ով նվիրված էր մինչև վերջին կաթիլը:: Ինքն իրեն տանջամահ էր անում, ինքը տանջամահ էր անում իր զորքին, ում յուրաքանչյուրին սիրում էր իր երեխու պես: Համ սիրում էր, համ պատժում, համ փայփայում: Իր զինվորները միշտ լավագույն արդյունքն ունեին, լավագույն կրակողները, իր մոտ չէր կարող միջին լինել, ինքը չէր կարանալու քներ, եթե միջակություն կար: Պետք ա լինեին լավագույնը: Իրան սիրում էին բոլորը՝ կամանդիր պալկայից բռնած, սիրում էին որովհետև բոզական չէր, որովհետև սրտացավ էր: Մի խոսքով Իգրը անկրկնելի ու բացառիկ տղա էր, ու վերջապես ինքը էն հրամանատարն էր, ում հետ կարելի էր գնալ մարտի: Այդ ժամանակ Իգրը սիրահարվել էր, աղջիկը Ստեփանակերտցի ուսանողուհի էր, ապագա անգլերենի ուսուցչուհի: Իգրի սիրահարվելն իրեն մոտիվացրել էր, կրկնակի եռանդով ու հրճվանքով էր ծառայում: Սպայական սենյակում հաճախ, երբ զորքը քնում էր ու հանգիստ էր, երկար զրուցում էինք, պատմում էր իր ընկերուհուց, ուզում էր, որ կատարյալ լինի ամեն ինչ՝ իր խասյաթի համաձայն: Միասին երկար մտածում ու գեղեցիկ ընտրված բառերով ինքը նամակներ էր գրում իր սիրած աղջկան, ու, ինձ վստահելով, թույլ էր տալիս ավելացնել իմ կողմից որոշ բաներ: Իսկ ես սկսեցի անկեղծ հոգու խորքում ցանկանալ, որ ինքը հասնի էդ աղջկան: Ինքը լավ աղջիկ էր երևում, իր համար Իգրը հոգուց գանձեր էր նվիրում: Անցան վեց ամիսները: Իմ տուն գնալու օրը Իգրը ինձ մի բան խնդրեց, որ երբ գնայի Երևան, իրեն ուղարկեի մի Անգլերեն-հայերեն մեծ բառարան, որ ինքը նվիրեր այն աղջկան: Ես խոստացա, որ անպայման կուղարկեմ իրեն այդ բառարանը: Հասա տուն, ծանոթացա հետբանակյա ցոփ կյանքին, մոռացա ծառայությունն էլ, Ղարաբաղն էլ, Մարտունին էլ, Իգրին էլ, Իգրի հետ երկար գիշերների զրույցներն էլ, Իգրի ընկերուհուն գրած գեղեցիկ նամակներն էլ, ու վերջապես՝ բառարանն էլ, որ պետք է ուղարկեի Իգրին: Ինքը դրան սպասում էր, հա, հաստատ հավատում էր, որ ես դա կուղարկեի, որովհետև ինքը ինձ շատ էր սիրում ու հարգում, լուրջ մարդու տեղ էր դրել ինձ: Գալուս օրը նայեց ինձ, ասեց – Արշակ, մոռանաս ոչ գիրքը: Ու առանց հայացքը ինձնից կտրելու, թեթև ամոթխած ժպտաց: Անցան ամիսներ: Չէի ուղարկել: Անցավ մեկ տարի, չէի ուղարկել: Անցավ երկու տարի: Ու մի օր իմ ու Իգրի ընդհանուր ծանոթը, ինձ տեսնելով, կասեր՝ Իգրին խփել են բոզի տղերքը: Իիի՞նչ, ո՞նց, ե՞րբ: - Հա, զորավարժության ժամանակ սնայպերով խփել են ուղիղ Իգրի ճակատին: Չկա էլ Իգրը: Բառարա՜նը, անգլերենի բառարա՜նը, իր ընկերուհի՜ն, նամակնե՜րը: Ինչի՞ ես չուղարկեցի ախր: Ինքը սպասում էր, ինքը դրանով մի կաթիլ կուրախացներ ընկերուհուն, ինչի՞ ախր չուղարկեցի, ինչ անասուն եմ ես: Ո՞նց կարելի էր Իգրի պես հրաշք մարդուն հուսախաբ անել:
Անցել է չորս տարի Իգրի մահվանից: Ես այդ չուղարկված բառարանը շատ անգամներ եմ տեսնում երազում՝ անտանելի ցավոտ զղջմամբ:
Հ.Գ. Իգրը հասել էր իր սիրած աղջկան: Նրանք ամուսնացել էին: Երբ Իգրին խփեցին, նրա կինը հղի էր: Իգրին ծնվում է մի տղա:
Հ:Գ:Գ: Ես երբ Հայաստան գամ, պետք է Իգրի որդուն այցելեմ ու իրեն տանեմ գրքե՜ր, գրքե՜ր, շատ գրքեր: Իգրը արժանի էր դրան, ու արժանի ա, որ իր մասին դուք կարդայիք:
Նվիրում եմ իմ հարազատ Իգրին։
Երևի ինքը ինձ կների..



