ArmnewsTV.am-ը գրում է.
«Կարգին Հասո»` այսպես են դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին հիշում ընկերները, հարազատներն ու հանդիսատեսը: Ամենատարբեր կերպարներում, հումորով ու միշտ ժպիտը դեմքին: Նրան բոլորը ճանաչեցին «Կարգին հաղորդում»-ից ու Հասմիկի անունն էլ այդպես տպավորվեց` «Կարգին Հասո»:
Հասմիկ Ղարիբյանը մահացել է նոյեմբերի 2-ին, քաղցկեղից, ԱՄՆ-ում: Քեռին` Արմեն Խանդիկյանն ասում է, որ աղջկա օրգանիզմում մեկ ու կես տարի առաջ լինֆոսարկոմա էին հայտնաբերել: Ախտորոշումից հետո բժիշկները սկսել են ինտենսիվ բուժումը` քիմիոթերապիա ու ճառագայթում: Բայց թոքերը դադարել են գործել: Մոտ երեք ամիս Հասմիկի կյանքը ապահովում էին բժշկական սարքավորումները:
Արմեն Խանդիկյանը պատմում է, որ Հասմիկը երբեմն կարողանում էր առանց սարքավորումների շնչել: Սակայն վերջին շրջանում առողջական վիճակը խիստ ծանրացել էր, ողնուղեղի փոխպատվաստման կարիք էր առաջացել: Այդ պատճառով մայրը եկել էր Հայաստան ու ԱՄՆ էր մեկնել քույրը: Սակայն բժիշկներն ասել էին, որ նման վիրահատության Հասմիկը դիմանալ չի կարող: Մի քանի ամիս սարքավորումներով կյանքը պահելուց հետո հարազատներն ու ամուսինը որոշեցին անջատել սարքը:
Ռաֆայել Երանոսյանն ու Անդրանիկ Հարությունյանը երկար տարիներ աշխատել են Հասմիկի հետ: Պատմում են, որ հենց 2012-ի No comment ներկայացման վերջին հյուրախաղերն էին Հասմիկի համար շրջադարձային եղել: ԱՄՆ-ում նա ծանոթացել էր Ներսես Աբրահամյանի հետ: 2013-ին էլ Հասմիկի տարեդարձի օրը` հունվարի 13-ին նրանք ամուսնացան:
Այս տարիների ընթացքում տղաները մի քանի անգամ մեկնել են ԱՄՆ ու ցանկացել են հանդիպել Հասմիկի հետ: Տեսել են միայն ամուսնուն, նա էլ պատմել է, որ կինը վատառողջ է: Վերջին անգամ, երբ հյուրախաղերով ԱՄՆ-ում էին, զանգարահել են Հասմիկին, պատասխանել է քույրն ու ասել է, որ Հասմիկը քնած է, հանդիպել չի կարող: Հարազատները ցանկանում են Հասմիկ Ղարիբյանի մարմինը Հայաստան բերել: Ասում են, որ մոտ 10-ն օրից բոլոր հարցերը լուծված կլինեն ու Հասմիկին կհուղարկավորեն Հայաստանում:
Տեսանյութը՝ այստեղ