Պետության, ազգի ներկա վիճակը ճիշտ գնահատելու, նրա ապագան հնարավորինս ստույգ կանխատեսելու համար շատ էական է հստակ գնահատել ժամանակի մեջ նրանց ներքին զարգացման տրամաբանությունը, անցած ուղին: Ցանկացած ընթացիկ պահի համար հավասարապես կարևոր է դիտարկել ճանապարհի ինչպես արդեն տեսանելի, բայց դեռևս չհաղթահարված, այնպես էլ արդեն իսկ անցած հատվածները: Անցյալը կարող է ապագայի ճանապարհին դրված ականներ պարունակել: Ռուսաստանի մասին խոսելիս շատերն այն տեսակետն են արտահայտում, որ ներկայիս ՌԴ-ն Ռուսաստանյան և Խորհրդային կայսրությունների բնական ու օրգանական ժառանգորդն է և այդ երեքը, իրականում, երեք տարբեր անվանումների տակ հանդես եկած որակական, բովանդակային առումով միևնույն երևույթն են ներկայացնում՝ ռուսական կայսրությունը: Այս կերպ փորձ է արվում կամրջել այսօրվա ՌԴ-ն Ռուսաստանյան Կայսրության հետ, առանց Խորհրդային Միության ժամանակաշրջանն ուրանալու՝ դրա ռուսականությունից հրաժարվելու: Իրականում այս մոտեցման ջատագովները ցանկանում են իր աշխարհայացքային որակներով ԽՍՀՄ ժառանգորդը հանդիսացող ՌԴ-ին վերագրել Ռոմանովների կայսրության արտաքին շուքն ու վերնախավային արժեքները: Ռուսական Կայսրությունն ու Խորհրդային Ռուսաստանը մոտավորապես միևնույն տարածքում գոյություն ունեցած արմատապես տարբեր երևույթներ են՝ առաջինի առանցքն էր միապետի անձի գերակայության գաղափարով համախմբված տոհմիկ բազմազգ վերնախավը, որը նաև բանակի կորիզն էր կազմում, մինչդեռ երկրորդը՝ սեփականության ավանդույթը մերժող բազմազգ խաժամուժի իշխանության երկիր էր, ուր վերնախավի պարբերական ոչնչացումը ավանդույթ դարձավ: Այս առումով ներկայիս Ռուսաստանի առջև ծառացած խնդիրները չկան նախկինում փլուզված կայսրությունների ժառանգը հանդիսացող երկրներից և ոչ մեկում՝ սեփականության ավանդույթի պահպանումն այնտեղ դարձավ նաև ավանդական վերնախավի պահպանման նախադրյալ: Ռուսաստանը նոր վերնախավի կարիքն ունի, որը տիրապետելով իշխանական ու տնտեսական լծակներին նաև կկարողանա ներդաշնակորեն լինել մտավոր ու հոգևոր արժեքների կրող և, ամենակարևորը, պահպանի երկրի տարածքային ամբողջականությունը, հակառակ միջազգային հարաբերությունների ոլորտում այդ երկրի համար երևարկվող անբարենպաստ միտումների: Հարցն այն է, թե արդյոք խաժամուժն ի զորու է վերնախավի ծնունդ տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել