Armnewstv.am-ը գրում է․
Այծի ձայնից անասնաբույժը տխրում է` վերջին շնչում է, երկար չի ապրի: Հարվածից 4 օրգան վնասվել է, ուտել չի կարողանում, քայլել` նույնպես: Անասունների անսպասելի սատկելը Եղեգնաձորում ու հարակից գյուղերում դարձել է պարբերաբար: Ոչ թե գայլերն են հոշոտում, այլ թափառող գամփռները: Այս անգամ շների խմբակային հարձակումից տուժել էր Խաչիկ Մարտիրոսյանի անասնաֆերման: Մեկ հարձակումից սատկել էր 34 գլուխ այծ, կորուստը` 1 մլն 700 հազար դրամ:
Ֆերման ավելի մեծ կորուստ ունեցել էր նաև երկու տարի առաջ: Աշխատողները միմյանց փոխարինելով` 24 ժամ հսկում են տարածքը, բայց երբ շների խումբն իջնում է, անասուններին պաշտպանելը դառնում է անհնար: Կոտրում են պատուհանները, ժանիքներով կտրում են անգամ փշալարերը: Ֆերմայի մի մասն է միայն պարսպապատ, մյուս մասը` ցանկապատ է: Խաչիկ Մարտիրոսյանի ֆերման Հայաստանում միակն է, որտեղ կարողանում են այծերի մայրական կազմ բուծել: Վերջին գլխաքանակը, որ հոշոտեցին շները, երկու օր առաջ էր գնել: Բերել էր, գիշերը պահել բացօթյա ցանկապատ տարածքում, առավոտը սար բարձրացնելու համար:
Եղեգնաձորի Երևանյան խճուղին, որտեղ ֆերման է, շների խմբերն անպակաս են տարվա 4 եղանակներին: Հենց նկարահանման պահին մի քանի վայրկյանում միանգամից 22 շուն մտավ ֆերմայի տարածք: Պահակը գիտի, եթե միայնակ հայտնվի շների առաջ, կհոշոտեն, երբ մի քանի հոգով են լինում` չեն հարձակվում: Շների խումբը ֆերմային մոտենում է բացահայտ գրոհի պատրաստ` ինչպես մարտի դաշտում: Արմենը նույնիսկ գիտի դրանց որ ձայնն ինչ է նշանակում:
Դեպքից հետո զանգահարել են ԱԻՆ, ոստիկանություն, եկել են, բայց շներին չեն սատկացրել: Ասել են, որ հրաման չունեն, կրակելու դեպքում էլ քրեական գործ կհարուցվի: Ֆերմայի աշխատակիցները չգիտեն ինչպես պաշտպանվել հարձակումներից: Լինում է, երբ մեկ օրում շները ֆերմա են գալիս մի քանի անգամ:
Շների խմբերն այս տարածքում մի քանի տասնյակ են: Յուրաքանչյուր խմբում ամենաքիչը 15 շուն: Քանի դեռ աջակից չունեն, ֆերմայում որոշել են հոսանքապատ լարեր անցկացնել: Բայց դա էլ, աշխատակիցների խոսքով հարցի լուծում չէ: Շները, երբ խմբակային են հարձակվում, միմյանց վրա կանգնելով աշտարակ են կառուցում, և հեշտությամբ ֆերմա մտնում:
Տեսանյութն՝ այստեղ