Yerkir.am-ը գրում է․
Տեղեկացրել էինք, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը հեռացվել է աշխատանքից: Խոեցյանը հանդես է եկել բաց նամակով ուղղված ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: «Հարգելի պարոն Աշոտյան, այս բաց նամակով ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել վերջին շրջանում Հայաստանյան բուհական համակարգում, մասնավորապես Պոլիտեխնիկում տեղի ունեցող անթույլատրելի երևույթների վրա, որոնք ոչ միայն ստվեր են գցում Պոլիտեխնիկի որպես անդրկովկասյան տարածաշրջանային խոշորագույն բուհի բարի համբավի վրա, այլև իրենց ահագնացող տեմպերով ու անպատժելիությամբ սպառնում են բուհի, հետևաբար նաև երկրի ինժեներա-տեխնոլոգիական պոտենցիալի վերարտադրողականությանը ապագայում։ Մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած իր անձի շուրջ սեքս-սկանդալի գործով մեղքը Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը փորձում է «բարդել» իմ ուսերին սեփական անունը մաքրելու համար, այդ նպատակին հասնելու համար չխնայելով ոչ մի միջոց և հաշվի չառնելով ոչ բարոյական արժեքները, ոչ իրավական նորմերը։ Պրն. Թոքմաջյանը բացահայտ հայտարարում է, որ ինքն ինձ է կասկածում սեքս-սկանդալի գործում, այն պարագայում, երբ համակարգիչը, որից հնարավոր կլիներ ստանալ իր ՖԲ գաղտնաբառը, իր անձնական նոութբուքն է, որը երբեք միացված չի եղել համալսարանի ներքին ցանցին, մշտապես օգտագործել է 3G ինտերնետ և երբեք չի սպասարկվել կամ հասանելի չի եղել իմ կամ իմ կողմից այն ժամանակ ղեկավարվող վարչությանը: Ես ինքս երբեք չեմ ունեցել նամակագրություն պարոն Թոքմաջյանի հետ։ Այսինքն պնդել, թե ես կարող էի մուտք գործել նրա ՖԲ էջը, հավասարազոր է պնդել, որ ես ի վիճակի եմ մուտք գործել ցանկացած ՖԲ էջ, որը աբսուրդ է:Թե ինչ եղանակներով է պրն. Թոքմաջյանը փորձում սեփական սեքս-սկանդալի գործով նախաքննությունն ուղորդել իր նախընտրած ուղղությամբ, ես այս նամակում չեմ մանրամասնի, քանի որ այդ մասին բազմիցս զետեղվել են տարբեր հրապարակումներ, և նպատակահարմար չեմ համարում նույնիսկ այդպես միջամտել նախաքննության աշխատանքին։ Փոխարենը թույլ տվեք Ձեր ուշադրությանը ներկայացնել Պոլիտեխնիկում տիրող ամենաթողության ու կազմաքանդիչ գործունեության այլ վառ օրինակներ։ Իմ նկատմամբ իրականացվող անօրեն հետապնդումների հերթական քայլն այն էր, որ ս.թ. նոյեմբերի 5-ին պրն. Թոքմաջյանն իր հրամանով ինձ ազատեց միաժամանակ ՀՊՃՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետի և ֆիզիկայի ամբիոնի ասիստենտի պաշտոններում իմ աշխատանքից հիմնավորելով իր որոշումը մինչ այդ տրված երկու նկատողություններով։ Մինչդեռ նկատողություններից առաջինը որոշման պահին գտնվում էր վարչական դատարանի վարույթում, ինչի մասին ՀՊՃՀ-ն պատշաճ կերպով ծանուցվել էր: Ընդ որում այդ նկատողությունը տալուց առաջ ինձնից պահանջած բացատրագրում կային անբեկանելի հիմնավորումներ, որ նկատողության հիմքերն օրինական չեն։ Բացի այդ, նկատողությունը տրվել է փաստաթղթավորման գործընթացի խախտմամբ, եթե չասեմ կեղծմամբ. նկատողության տեքստում նշվում է, այն տրվում է ռեկտորատի նիստի որոշմամբ, մինչդեռ ռեկտորատի նիստի ժամանակ պրն. Թոքմաջյանը հայտարարել է, որ հարցը չի դնում քննարկման և հայտարարում է նկատողությունը միանձնյա։ Այս մասին կփաստեն ռեկտորատի անդամներից շատերը, ինչպես նաև նիստի ձայնագրությունը։ Երկրորդ նկատողությունն, իր հերթին, պրն. ռեկտորն ինձ տվել է սեքս-սկանդալի գործով իրավապահ մարմիններում ՀՊՃՀ ներկայացուցիչը լինելու ընթացքում իմ դասերը բաց թողնելու համար, որը ևս հեռու է հիմնավորված կամ տրամաբանական լինելուց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



