Ողջ քաղաքակիրթ աշխարհն ու նախևառաջ Գերմանիան նշում է այսօր Բեռլինյան պատի փլուզման 25-ամյակը: GOOGLE հատուկ պատկեր է արել այս օրվա առթիվ: Այդ օրը վերջացավ Առաջին Սառը Պատերազմն, ու մեզ բոլորիս թվում էր, որ ամեն ինչ հնարավոր է, ու մենք էլ ենք հաղթելու: Քառորդ դար առաջ նաև մենք էինք զգում մեզ հաղթողներ: Օպերայի թատերական հրապարակն իրական Ազատության հրապարակ էր այդ օրերին, այլ ոչ կրկեսային հարթակ, ինչպես հիմա: Ի՞նչն էր մեր սխալը... Ասեմ: Ողջ առաջադեմ ու քաղաքակիրթ աշխարհն ընկալում էր մեր պայքարը 25 տարի առաջ՝ իբրև ազատության ու համամարդկային արժեքների համար պայքարի մի կարևոր մաս: Ու մենք էլ էինք դա ճիշտ այդպես ընկալում: Այսօր չարի ուժերին հաջողվեց պոկել մեզ համաշխարհային ու համամարդկային ազատական շարժումից ու միացնել մեզ գաղութային ու բռնատիրական ճամբարին, Հյուսիսային Կորեայի, Սուդանի ու Զիմբաբվեի հետ միասին, նայեցեք ՄԱԿ-ի քվեարկության մեր տվյալները: Ինչու՞ ենք զարմանում ժողովրդի հետնահանջի վրա, եթե այդ օրերի առաջնորդներից մեկն այսօր անամոթաբար սատարում է այդ ճահճացմանն ու անվանում է այն «անշրջելի»: Բեռլինի պատի տապալումն օտար տոն է մեզ համար 25 տարի անց, քանի որ այն ընթացքում մենք թույլ տվեցինք ու անգամ օգնեցինք նոր պատ կառուցել մեր ու աշխարհի միջև, անգամ ՀՀ ու ԼՂՀ միջև, որի փլուզումից սկսվել էր մեր ազատագրումը: Վայ, մեր պատը քանդվի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/858520267514862
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել