Այսօր համաքաղաքային շաբաթօրյակ և աշնանային ծառատունկ էր Երևանում, որին մասնակցեցի երկու ավագ որդիներիս՝ Նահապետի և Անդրանիկի հետ: Ուրախությամբ նկատեցի, որ մեր համաքաղաքացիներից շատերն էին իմ նման իրենց երեխաների հետ մասնակցում շաբաթօրյակին ու ծառատունկին, ինչն իսկապես ողջունելի է: Այսօր շուրջ 20 հազար ծառ և 5000 թուփ ենք տնկել, իսկ գարնանային ծառատունկին էլ 40 հազար ծառ էինք տնկել: Մեր համաքաղաքացիների հետ այսօր շփվելիս շեշտել եմ, և ուզում եմ նաև ֆեյսբուքյան ընկերներիս համար էլ ընդգծել, որ մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացմանն ուղղված մեր քաղաքականությունը հստակ է՝ ամեն տարի հնարավորին ավելացնել Երևանի կանաչ մակերեսի ծավալները: Ըստ այդմ, եթե 2011թ.-ին, օրինակ, մայրաքաղաքի կանաչ տարածքներն ընդլայնվել են 3 հեկտարով, ապա այս տարի ավելացան 5-ով: Իսկ տարածքների խնամքը ապահովելու նպատակով մեր ծրագրերում յուրաքանչյուր տարի ներառվում է նաև ոռոգման ցանցի ընդլայնումը, որն այս տարի ավելացել է ևս 22 կիլոմետրով: Ի դեպ, լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր նշեցի, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է գոնե մեկ ծառ տնկի եթե ոչ սեփական բարօրության, ապա գոնե մեր զավակների համար: 
Կոչ եմ անում բոլորիդ իսկական տանտիրոջ պես վերաբերվել Երևանին, պահել ու պահպանել մեր քաղաքի մաքրությունը։ Միայն համատեղ ուժերով մենք կարող ենք ավելի կանաչ ու մաքուր Երևան փոխանցել մեր գալիք սերունդներին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել