Թուրքիան փոխվել է։ Թուրքիան արդեն մի դար առաջվա Թուրքիան չէ։ Դե հա... Բա ո՞նց... Բայց... Թուրքիան ծախսելու է շուրջ 400 մլն դոլար հայերի ցեղասպանությունը ժխտելու քարոզչության վրա։
Ես դժվարանում եմ պատկերացնել՝ ինչ տեսք կունենար այսօրվա Եվրոպան, եթե Գերմանիան ժխտեր հոլոկոստը՝ սիստեմատիկորեն, համառ կերպով, տարի տարվա վրա, շուրջ մեկ դար, օգտվեր հրեաների թողած ժառանգությունից, վայելեր նրանց բացակայությունը ու ժխտեր նրանց սիստեմատիկորեն ոչնչացնելու փաստը։ Սա այն վիճակն է, որի մեջ է ապրում մեր ժողովուրդը։ Այն տարբերությամբ, որ հրեաները ոչնչացվել են այլոց երկրներում, իսկ մենք՝ մեր սեփական երկրում։
Ու անկախ հայերի ցեղասպանության ճանաչման ակտուալության վերաբերյալ տարբեր տրամադրություններից, չենք կարող ժխտել, որ այն զուտ պատմական իրողություն չէ, որը եղավ ու անցավ։ Այն, ցավոք, սրտի դեռևս իրականություն է, քանի որ այսօր մենք զգում ենք դրա ուղիղ հետևանքները բազմաթիվ ոլորտներում ու մեր կյանքի տարբեր ասպեկտներում՝ մեր երկրի սահմանների ուրվագծում, մեր երկրի արտահանման բարդություններում, ծովի բացակայության, տարածքի դժվարմատչելիության, աշխարհով մեկ հայերի սփռվածության և այլն։ Ու բացի բարոյական կողմից, քանի դեռ դրա հետևանքները ակտուալ են մնում մեզ համար այսօր, ցեղասպանության ճանաչումը ու իրական Թուրքիայի դեմքը ճանաչելը մնում է օրհասական հարց բոլորիս համար։
Հ. Գ.
Շահան Նաթալին գրում էր, որ մեր հիմնական մեղքը թշնամու ուժի թերագնահատելու մեջ էր, ու ոչ միայն թերագնահատելու, այլ նրա միայն թույլ կողմերի ճանաչման։