Ruzanna Sargsian-Ajemian 
Դե չէ... Մենք հավերժ ենք, մենք մահկանացու չենք, ոչ էլ հասարակ ենք: Ոչ էլ ուզում ենք բոլորին դուր գալ, դրա համար մենք ինքներս մեզ փնովում ենք, նսեմացնում, թշնամիներից անտեղի ներողություն խնդրում ու հաշտություն փնտրում: Մենք մի օր մասոն ենք, որովհետև դա լավ է, մյուս օրը՝ արիացի: Մենք տոնից-տոն քրիստոնյաներ ենք, իսկ առհասարակ աթեիստ, բայց պարբերաբար նշում ենք, որ անցյալում հեթանոս ենք եղել: Մենք պահանջում ենք մեզանից խլած հողերը՝ միևնույն ժամանակ լքելով մեր Հայրենիքը: Մի օր անկախ ենք, մի օր կախվել ենք ուզում... Մենք ահավոր հին ազգ ենք, բայց ուզում ենք նմանվել, ինչպես մենք ենք պնդում, մեզանից սերված եվրոպացիներին: Մենք ժամանակին հայտնի քաղաքակրթություն ենք եղել, այսօր անքաղաքավարի ենք, բայց ավելի շատ քաղաքացի ենք, քանի որ գյուղերում համարյա մարդ չմնաց: Մենք երկու մասից արդեն երեքի ենք հասել՝ Արևմտյան Հայաստան, անկախ (!) ՀՀ, համ էլ Արցախ ունենք: Ու դեռ ինչե՜ր ենք նվաճելու, դեռ ու՞ր եք: Բայց մի քիչ գնանք օտար երկրներում ապրենք, հետո անպայման կվերադառնանք: Մնացողները թող Հայրենիքը պահեն, որովհետև աշխարհը խառն է, ինչ իմանաս, մեկ էլ տեսար մոլորյալ որդիները հետ եկան... Ավելի շուտ՝ փախան տուն... Չէ՛... Փախան՝ փրկվեցին... Համ էլ իրար հետ կլինենք, լավ կամ վատ, ի՞նչ տարբերություն, միասին ավելի հեշտ է հիշել անցյալն ու հպարտանալ... Թե չէ օտարներին մեր դարդերն ի՞նչ... Իրենք նոր հազարամյակի մարտահրավերներով են տարված: Մենք դեռ հին գրերը վերծանելու երկար ճանապարհ ունենք, մի քիչ էլ պեղենք մեր արմատները, մի քիչ էլ... Գուցե մի օր բոլոր ղարիբները գան մեզ միանան: Արագ զարգացող ազգերը շուտ կկործանվեն, իսկ մենք կշարունակենք իներցիոն ռեժիմում, բնականոն (այս գործը հանգիստ է սիրում) ընթանալ անսահմանության մեջ: Չէ՞ որ մենք հավերժ ենք, մենք մահկանացու չենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել