ArmnewsTV.am-ը գրում է.
Թուրքիայի առանձին քաղաքներում քրդերը ինքնավարություն են հայտարարում: Իրաքի հետ սահմանային Սիլոպի քաղաքում քրդական աշխատավորական կուսակցության երիտասարդական թևը միակողմանիորեն քաղաքը հռչակել է ինքնավար: Հայրենասեր հեղափոխական երիտասարդների շարժման ակտիվիստները դիմակներով և քրդական դրոշներով քայլել են քաղաքի փողոցներով: Հատկանշական է, որ քրդերը հանգիստ կարդացել են հայտարարությունը, նույնիսկ հրավառություն են կազմակերպել, սակայն ոստիկանությունը չի միջամտել: Սիլոպին Ջիզրեյից հետո Թուրքիայի երկրորդ քաղաքն է, որտեղ քրդերը ինքնավարություն են հայտարարում:
Թուրքիայի ներքին հետախուզության վարչության նախկին պետին կանչել են դատախազություն: Նրան մեղադրում են պետական գաղտնիքը բացահայտելու համար: Սեպտեմբերին Օմեր Ալթըփարմակին աշխատանքից հեռացրել էին գյուլենականների հետ համագործակցելու և դավադրությանը մասնակցելու համար: Թոշակի անցնելուց հետո հետախուզության պետը առաջին անգամ հարցազրույց էր տվել և հայտարարել, որ թուրք-քրդական հաշտեցումը ենթադրում է Թուրքիայում քրդերին ինքնավարություն տրամադրել, իսկ Աբդուլլահ Օջալանին բանտից ազատել:
Դատախազությունում ուղիղ տեքստով հարցրել են, թե ինչու է նախկին պաշտոնյան հրապարակել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները: Հարցաքննությունից հետո Թուրքիայում հետևություն են արել, որ իշխանությունը պայմանավորվել է քրդական ինքնավարություն ստեղծելու և Օջալանին ազատելու շուրջ: Քրդերի հնարավոր անջատման վտանգը զգում են նաև Սիրիայում, որտեղ քրդերն արդեն 2 տարուց ավելի է Սիրիայի իշխանության համաձայնությամբ պատերազմական պայմաններում 3 ինքնավար շրջաններ են ստեղծել: Սիրիայի հյուսիսում քրդական պետության ստեղծման հնարավորության մասին է խոսել Սիրիայի արտգործնախարարը:
Արտգործնախարարի համոզմամբ, Կոբանիում քրդերի ինքնապաշտպանությունը կազմակերպող Դեմոկրատական միություն կուսակցությունը չի պատրաստվում շրջանները Սիրիայից անկախ հռչակել, սակայն փաստ է, որ թե Սիրիայում, թե Թուրքիայում և Իրաքում քրդական հարցի հրատապությունն աճում է:
Տեսանյութը՝ այստեղ