1

Միասին գործի, դասի, պարտեզ գնալը համաձայնեցում է ենթադրում իմ, Դավթի և Արմինեի անհատական ռեժիմներում, և որքան էլ զարմանալի թվա, ամենազիջողը, հարմարվողն ու աջակցողը ես եմ, միայն թե 8.30, աջով Դավթի ձեռքը բռնած, ձախով՝ աղբի տոպրակը, իջնեմ չորրորդ հարկի մեր տան աստիճաններից… Բայց մինչ այդ Դավիթը պիտի արթնանա, լողանա, հագնվի, էլ չեմ ասում Արմինեի մասին…
- Փորիկս ցավում է, հայրիկ։
Դավիթը շարունակում է.
- Շատ եմ մուլտ նայել իրիկունը, դրա համար է՞ ցավում, հայրիկ.- երևի այսպես կարձագանքեր Արմինեն:
- Բոլոր կեղտերը հավաքվել են փորիկի վրա,  սեղմում, ցավացնո՞ւմ են,- սա էլ իմ փոխարեն երևի…
- Պիտի լողամ, որ մաքրվեն, գնան կեղտերը, ազատվեմ կեղտերից, որ փորիկս թուլանա, համ էլ մազերս հայելու առաջ սանրեմ… հայրիկ…

Այս երեք տարեկանին ասելու բան չի մնացել, պիտի չշտապել. ինքը կասի, կանի…

- Դավիթ ջան, ժամացույցին նայե՞լ ես՝ քանիսն է ժամը։
Գնում կանգնում է մեծ սլաքներով ժամացույցի առաջ, ուշադիր նայում է…
- Ես ուզում եմ նայեմ՝ ոնց են տատիկի նման լոշիկ թխում մեր հինգ տարեկանները,- սա, իհարկե, երեկվա իմ խոսքից պատճենած է,- հետո թխվածք-շոկոլադ ուտեմ, հետո լողանամ, հետո… հագնվեմ… Կհասցնե՞մ, հայրիկ… Կօգնե՞ս ինձ, հայրիկ:

Իհարկե կօգնեմ. վաղ եմ արթնացել, լողացել, սափրվել, հագնվել, ինձ մնում է օգնել ու օգնել… Իսկ Դավիթը ոչինչ չի մոռանում, խառնում…
- Կապույտ մեքենան մոռացար, հայրիկ… խմորեղեն-կոնֆետս կիսատ ո՞ւր թողեցիր, հայրիկ…

Լողանալիս օգնելը, տղայի կողքին լինելը մոր գործ չէ, ասել եմ, պնդում եմ: Հո ձեռքեր, երես լվանալ չէ՞։ Պիտի տղան հանվի, ծես է, ոչ մի պատահական խոսք-շարժում, պիտի նստակոնքին հայտնվի, պիտի ջուրը ստուգի մեր զգույշ-նրբիկ տղան ու գցվի ջուրը։ Հինգ մատ աջ ձեռքին, մաքուր, ուժեղ մատներ՝ բաց ափով, հինգ մատ ձախ ձեռքին՝ ավելի մաքուր, ուժեղ, մկանուտ։ Հինգ մատ + հինգ մատ՝ տասը մատ… Եվ այսպես, ոչինչ չի կարելի մոռանալ, շտապել. ուժեղ ջրի շիթով, մկան առ մկան ուժեղանում է մեր տղան, մաքրվում կեղտերից։ Ասացեք, այստեղ որտե՞ղ տեսաք կնոջ անելիքը… Երկու տարի կլինի համարյա, ամեն օր Դավթին լողացնելու գործը ես անում եմ նույն հանդիսավորությամբ… Հետո սրբիչը կգա, այս անգամ խմորեղենի նման կփաթաթի Դավթին, կտանի, որ մայրիկն ուտի… աղջկա պես մազերը էլեկտրական սարքով չորացնի…

- Դավիթ ջան, էս կավե սայլակի անիվն ո՞վ է պոկել, ո՞նց ենք անելու, ձիերը չեն կարողանա քաշեն սայլակը…
- Ոչինչ, հայրիկ, հիմա կվերջացնեմ հագնվելը, կզանգեմ Սենին ու Տիգրանին, կգան կսարքեն…

4Այ, էդ մեկը պիտի չասեիր. Սենն ու Տիգրանը թող Միջին դպրոցի տնօրենին գոնե այնքան ինտերնետ տան, որ արտակարգ պատահարի մասին կարողանա ահազանգի…

Իսկ մեքենայի մեջ Դավթին սպասում են հիացած քույրիկները, Արմենը, որ ափսոս, հիվանդ է, մորաքույրը… լիքը էկիպաժ… Ճանապարհը, պատմել եմ, ուսումնահայրենագիտական ճամփորդություն է… Ասացեք, ինչո՞ւ շտապել, ի՞նչ ավելի կարևոր գործ կա, քան երեք տարեկանին իր քաղաքը, իր դպրոցը, իր պարտեզը, իր սարը, իր ճանապարհը ներկայացնելը… բազում՝ թեկուզ կրկնվող հարցերին պատասխանելը… Իսկ ի՞նչը չի կրկնվում… արևածագը, օրը… գործերը… հիացումը…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել