Օրերս գրել էի Նիկոլայ Ռիժկովին վիրավորողների մասին և այնպես ստացվեց, որ գրեթե նույն ժամանակամիջոցին հսկայական ալիք բարձրացավ ընդդեմ մեծանուն ՀԱՅ Շարլ Ազնավուրի, ինչ է թե, ինչ- որ թուրքական դեղնավուն պարբերական հարցազրույց էր հրապարակել, որտեղ մեծ Շանսոնյեն իբր հայտարարել էր, որ իր մայրը թուրք է։
Ոչնչությունների ու բազմոցային հայրենասերների մի ստվար բանակ շտապեց քարկոծել Ազնավուրին, ու ամենավերջին ձևակերպումներով ու բառերով հեղեղված բազմաթիվ գրառումներ ու հրապարակումներ լույս տեսան։ Մինչդեռ պարզվում է, որ ոչ մի նման հարցազրույց էլ չի եղել։ Հարցազրույց տալու փաստը հերքվել է թե՛ ԱԳՆ-ի, թե՛ մասնավորապես Ազնավուրի կողմից։
Ու ի՞նչ եք կարծում, այդ հազարավոր դատարկախոսներից քանի՞սը նեղություն քաշեցին՝ ներողություն խնդրեն Ազնավուրից... Համենայն դեպս, ես ոչ մեկին չեմ նկատել։ Ու որքան էլ ոմանք հոխորտան, որ դեռ ապացուցված չէ, որ Ազնավուրը իրոք նման բան չի ասել, ինձ համար դա բացարձակապես նշնակություն չունի ու չէր էլ ունենա, եթե Ազնավուրն իրոք նման բան ասած լիներ, կամ էլ թեկուզ իրոք նրա մայրը թուրք լիներ (իհարկե դա աբսուրդի ժանրից է, և նման բան չկա)։ Գիտե՞ք ինչու, որովհետև այդ մարդն իր ողջ կյանքի ու կենսագործունեության ընթացքում շատ ավելի շատ է արել մեր ազգի, մեր ժողովրդի ու մեր երկրի համար, քան բոլոր այն ոչնչությունները, ովքեր շտապեցին քարկոծել Ազնավուրին՝ միասին վերցրած։ Ոչնչությունը 0 է, իսկ զրոն այլ թվով բազմապատկելիս, միևնույն է, 0 ես ստանում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1578351565728731&id=100006617070037¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել