Ինչպես գիտենք, ոչ իշխանական ուժերը իշխանություններին խոստացան գնալ կոշտ քաղաքականության և վճռական քայլերի, եթե նրանք անտեսեն հարթակի օրակարգային հարցերը:
Երեկ տեղի ունեցավ ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որին մասնակցում էին նաև խմբակցության պատգամավորները: Նիստից հետո որոշ լրատվական կայքեր անդրադարձան խորհրդի նիստում քննարկված հարցերին: Մասնավորապես, Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է. «Երկու շաբաթվա ընթացքում այդ շտաբները կձևավորվեն, որոնց համար կուսակցության տարածքային գրասենյակներ կտրամադրվեն: Բացի դրանից, կստեղծվեն նոր գրասենյակներ այն վայրերում, որտեղ դրա կարիքը կա»:
Մինչ ԲՀԿ քաղխորհրդի նիստը կարծիքներ էին հնչում, որ ոչ իշխանական ուժերի շտաբերը լինելու են հենց ԲՀԿ տարածքային գրասենյակները: Այլ խոսքով ասած, ԲՀԿ գրասենյակների տրաֆարետները փոխարինվելու են եռյակի տրաֆարետներով: Փաստացի, երեկ Ուրիխանյանի հայտարարությունը հաստատեց այդ վարկածը: Այսինքն, ինչպես տեսնում ենք, ոչ իշխանական ուժերի բազմիցս նշված կոշտ քաղաքականությունը նպատակ ունի իրականացնել «տրաֆարետային հեղափոխություն»: