Հրանտ Դինքը ծնվել է 1954թ.-ի սեպտեմբերի 15 ին Մալաթիայում (Թուրքիա)
Նշանավոր պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի` «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով:
Մրցանակներ
2007թ հունիսին ՀՀ նախագահի մրցանակ է հետմահու շնորհվել է Հրանտ Դինքին: Ըստ ՀՀ նախագահի , առաջին անգամ է, որ նախագահի մրցանակը հանձնվում է հետմահու: «Հրանտ Դինքի մահը մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար: Մենք միշտ կհիշենք նրան, և մենք հավաստիացնում ենք նրա ընտանիքին, որ Հայաստանն իրենց տունն է, որտեղ մենք միշտ ուրախ ենք նրանց տեսնել»:
Պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների փոխըմբռնման, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հրանտ Դինքին շնորհված նախագահի մրցանակը ստանալու համար Թուրքիայից եկել էին Դինքի կինը` Ռաքել Դինքը, դուստրը` Դելաուա Դինքը և եղբայրը` Երվանդ Դինքը: Մրցանակը հանձնվել է Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, որը հայտարարել է. «Հայաստանի նախագահի մրցանակը միաժամանակ և պատվավոր, և տխուր է ընտանիքի համար: Ես համոզված եմ, որ Հրանտը կցանկանար լինել մեզ հետ: Նա միշտ ասում էր, որ Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ Սփյուռքը՝ փոքր կղզիներ են»:
Սպանությունը
Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու´ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։ Կասկածյալի հետքի վրա դուրս գալուն օգնել է նրա հայրը, ով մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարը ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը։ Ներկայումս ոստիկանները փորձում են պարզել` արդյո՞ք որևէ ազգայնական խմբավորման անդամ է ձերբակալվածը։
Որոշ քաղաքագետների կարծիքով սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։ Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսո հայ համայնքին։ Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=281519801949874&set=a.261145507320637.42840.260698287365359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել