
«Հետ»ամուտ լինողները
Ֆեյսբուքում ձևավորվել ու շատ արագ զարգանում ա մի նոր խավ՝ Wall մտնողների խավ։ Բառի բուն իմաստով (ուրիշի ֆեյսբուքի պատ մտնելու առումով), և այն իմաստով, ինչ իմաստով որ այդ բառը կարտասաներ, ասենք, Արամ Կարապետյանը։
Էս մարդիկ հանկարծ պարզել են, որ գրելու շնորհք ունեն՝ օճառային ձիրք։ Պարզել են, որ ֆեյսբուքը սապոնվելու համար չի պրոֆիլը չի արգելափակում։ Ու որ ամենացավալին ա՝ պարզել են, որ կարելի ա ու ինչ-որ տեղ նաև անհրաժեշտ ա էդ իրանց մտքի «գոհարները» ստիպողաբար «ուտացնել» ուրիշներին։
Ու գրում ու գրում են… անդադար։ Անգամ քնի մեջ երևի մտածում են՝ ինչ գրեն ու սապոնը որ ուղղությամբ օգտագործեն։ Դա էլ հերիք չի՝ աջ ու ձախ ցփնում են իրանց գրածները, share են անում որտեղ պատահի։ Մարդ չի զարմանա, եթե զուգարան մտնելիս թուղթը վերցնի ու տեսնի, որ ինչ-որ «Ազգա-Կրոնա-Տիեզերա-Հայկական արժեքներ» անվանումով ինչ-որ օգտատեր զուգարանի թղթի վրա share ա արել ինչ-որ պաշտոնավորի համապատասխան մասին ձոնված իր տեքստը։
Որ պատին դնում են, էդ դեռ ոչինչ։ Էդ նման ա, որ տուն գաս ու դռան վրա ինչ-որ տաքսի սերվիսի կամ ինտերնետ հեռախոսակապի քարտ տեսնես։ Կամ շպրտում ես, կամ պոկում գցում ես տանը, կամ էլ՝ չես էլ պոկում. թողնում ես հենց դռան վրա։
Բայց որ ապուշ, պաթետիկ անուններով մարդ-կազմակերպություններ ոչ պակաս ապուշ վերնագրերով իրենց ոչ պակաս ապուշ նյութերը ուղարկում են հաղորդագրության մեջ կամ տեղադրում իրենց հետ ընդհանրապես կապ չունեցող քննարկման քոմենթներում, էդ արդեն սպանում ա։ Էդ նույնն ա, ոնց որ տանը նստած տնեցիքի հետ խոսաս ու հանկարծ եսիմ ով ներս մտնի ու իր գովազդային պլակատն առած՝ ընկնի ձեր մեջտեղն ու խոսա։
Ի դեպ, կան գրագետ «հետամուտներ», կան նաև անգրագետներ։ Վերջիններս ավելի օճառասեր են, բայց անգրագիտությունը խանգարում ա։ Օրինակ, ուզում են գովերգել կոնկրետ մարդու կամային հատկությունները, բայց գրում են «կամայական հատկություններ»։ Ու մեկ էլ որպես կանոն լաաավ հեռվից են սկսում. կարող ա խոսան կլիմայի գլոբալ տաքացման վտանգից, հետո տարածաշրջանային խնդիրներից ու կամաց-կամաց գան հանգեն ինչ-որ կոնկրետ պաշտոնավորի կամ բիզնեսմենի գովքին։
Բայց մեկ ա՝ էս երկու խմբերն ունեն մի մեծ ընդհանրություն. հետամուտ լինելուց չեն ամաչում, իրենց հետամտային տեքստերը տեղադրում են գովերգվող անձի պատին ու հպարտ սպասում։ Իբր՝ հը՞, դե մի բան ասեք, լավ ե՞նք քծնել։ Հերիք ա՞, թե՞ շարունակենք։ Ու էս երևույթը չի վերջանում, որովհետև էդ պատի տերը դրանց չի ասում՝ տղերք ջան, սապոններդ վերցրեք ու գնացեք միմյանց սապոնվեք։