ArmnewsTV.am-ը գրում է.
Սպասե՞լ նոր շենքերի կառուցմանը, թե՞ վերցնել հին շենքերում բնակարանների գնման վկայագրեր: Երկրաշարժի ժամանակ բնակարան կորցրած գյումրեցիներին կառավարությունը այս տարի հուլիսին ընտրության հնարավորություն տվեց: 444 անօթևյան ընտանիք ընտրեց երկրորդ տարբերակը: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նիստում արդեն պարզ դարձան գնման պայմանները և արժեքը: 1 քմ-ի համար պետությունը 109 հազար 300 դրամ է հատկացնելու:
Բնակարանի գնման վկայական ստացել են մինչեւ 2008 թվականի նոյեմբերի 1-ը հերթացուցակներում ընդգրկվածները: Այս 444 ընտանիքներից, սակայն, ոչ բոլորին կհաջողվի բնակարանամուտ տոնել այս տարի: Հատկացված 1.5 մլրդ դրամը 215 ընտանիքի կբավարարի: Ցուցակում ընդգրկված մյուս շահառուները կսպասեն եկող տարվան: Բոլոր 444 ընտանիքները մինչև 2015թ-ի օգոստոսի 1-ը բնակարան կունենան:
Շահառուները բնակարան կարող են ընտրել հանրապետության ցանկացած մարզում: Սահմանափակում չկա նաև սենյակների թվի փոփոխության հարցում, միայն թե մարզպետարանը պետք է դրական եզրակացություն տա: Շահառուն կարող է նաև իրեն հատկացված գումարից ավելի էժան արժեցող բնակարան գնել, իսկ ավելացած գումարը կփոխանցվի նրա հաշվեհամարին: Բնակարան գտնելու համար անօթևանն ունի վեց ամիս ժամանակ: Եթե այս ժամանակահատվածում բնակարան չի ընտրվում, վկայագիրը վերադարձվում է: Այդ դեպքում շահառուն շարունակում է մնալ հերթացուցակում, սակայն բնակարանի ակնակալիք կարող է ունենալ միայն նոր ծրագրի դեպքում:
Տեսանյութը՝ այստեղ