Անձի հոգեսոցիալական զարգացման տեսությունը՝ սահմանված հոգեբան Է.Էրիկսոնի կողմից, սահմանում է անձի զարգացման 8 փուլ: Եվ այսպես:
1.Նորածնություն. սա ծնունդից մինչև մեկ տարեկանն ընկած հատվածն է, երբ ձևավորվում է վստահության հիմնային զգացումը: Սա զարգացնելու համար մայրը պետք է այնպես ուղղորդի երեխային, որ վերջինս կարողանա հետևել, ընկալել ու ճանաչել սեփական հույզերը:
2. Մանկություն. այս փուլը 1-3տ. հատվածն է, այն համընկնում է Զ. Ֆրոյդի տեսության անալային փուլի հետ: Կենսաբանական հասունացումը հիմք է դառնում երեխայի մի շարք ինքնուրույն գործողությունների համար՝ քայլել, լվացվել, հագնվել: Այս փուլում նա բախվում է հասարակական նորմերի ու պահանջների հետ, և ծնողները պետք է նպաստեն երեխայի ինքնուրույնությանն ու ինքն իրեն վերահսկելու կարողությանը:
3. Նախադպրոցական տարիք. սա կոչվում է նաև «խաղերի փուլ» ու ներառում է 3-6տ.-ը: Երեխան հետաքրքրվում է աշխատանքային զբաղմունքներով, փորձում նորություններ, շփվում հասակակիցների հետ: Այս փուլում աշխարհը երեխայից պահանջում է ակտիվություն, լուծումներ տալու կարողություն և նոր հմտություններ: Իդենտիֆիկացիայի պահանջն ու զգացումը գերիշխում է:
4. Դպրոցական տարիք. 6-12 տ.-ի փուլը նման է Ֆրոյդի մոտ լատենտ փուլին. իր սեռի ծնողի հետ մրցակցությունը հաղթահարված է, երեխան դուրս է գալիս ընտանիքի «սահմաններից» ու սկսում ճանաչել աշխարհը: Նա հարմարվում է համակարգված ուսուցմանը, սովորում ինքնահաստատվել՝ զբաղվելով օգտակար ու պետքական գործերով:
5. Պատանեկություն. սա 12-20 տ. հատվածն է, համարվում է մարդու հոգեսոցիալական զարգացման կարևորագույն փուլը. վերջնականապես գերիշխում է դրական իդենտիֆիկացիան, ապագան դառնում է գիտակից կյանքի ծրագրի մասը: Սա ինքնիշխանության 2-րդ կարևոր փորձն է, «մարտահրավեր է նետվում» ծնողական ու հասարակական նորմերին:
6. Երիտասարդություն. 20-25 տ. հատվածը չափահաս կյանքի սկիզբն է: Անհատը ձեռք է բերում մասնագիտություն, ամուսնանում է, ինքնուրույն ընտանեկան կյանք սկսում: ԻՆՏԻՄ հարաբերությունները պահպանում են մտերմությունը, կարևոր է դառնում այլ անձի հետ մերձեցումն առանց ինքն իրեն կորցնելու վախի:
7. Հասունություն. 26-64 տ. փուլի հիմնական խնդիրը արտադրողականության և լճացման միջև հավասարակշռության պահպանումն է: Կարևորագույն ասպեկտ է ստեղծագործական ինքնառեալիզացիա ունենալը:
8. Ծերություն. 60-65 տ.-ը լիարժեքության և հուսահատության բախման փուլն է: Առողջ զարգացումը հասնում է «կատարելության», մարդն ամենախորը մակարդակով գիտակցում է կյանքում իր դերը, սեփական արժանապատվությունն ու իմաստնությունը: Քանի որ կյանքի հիմնական գործունեությունն ավարտին է մոտենում, ժամանակն է մտորումների և թոռների հետ դրական զբաղմունքների։