Հարցն ուղարկել է Լիանան՝ 22 տարեկան.
Բարև Ձեզ։ Անունս Լիանա է, 22 տարեկան եմ։ Արդեն 3 տարի է՝ ընկեր ունեմ։ Վերջին տարվա ընթացքում նա սկսել է վրաս ձեռք բարձրացնել։ Հետո ներողություն է խնդրում ու ասում, որ ինքս եմ մեղավոր, որ հասցնում եմ նրան դրան, հանում հունից։ Խնդրում եմ ասեք՝ ինչ կարող եմ անել։
Պատասխանում է հոգեբանը.
Հարգելի Լիանա, եթե գործ ունենայիք եզակի դեպքի հետ, դեռ կարելի էր քննել այլ տարբերակներ, օրինակ՝ աֆֆեկտի կամ էլ այլ պատճառով ինքնատիրապետման կորուստի հետևանքով տեղի ունեցած բացառիկ երևույթ։ Սակայն Դուք հստակ նշում եք, որ ֆիզիկական բռնությունն արդեն բավականին տևական ժամանակ է, ինչ կա, և որ ոչ պակաս կարևոր է՝ «ներողությունից» հետո «պարզվում է», որ իրականում հենց Դուք եք մեղավոր, որ Ձեր նկատմամբ բռնություն է կիրառում և, բնականաբար, ամեն ինչ նորից կրկնվում է, և վստահեցնում եմ՝ կրկնվելու է։
Մարդու վարքային առանձնահատկությունները հիմնված են մի շարք տաբուների վրա։ Կախված աշխարհագրությունից ու մշակույթից՝ այդ տաբուները տարբեր են լինում, բայց եթե խոսում ենք հենց մեր միջավայրի մասին, ապա վստահորեն կարելի է նշել, որ տաբուներից մեկը կայանում է տղամարդու կողմից կանանց նկատմամբ ուժ կիրառելու մեջ։ Եթե տղամարդը մի անգամ արեց դա, ապա դեռ կարելի է վերագրել դա բացառիկ ու եզակի դեպքերի շարքին, բայց եթե տղամարդը արեց դա երկրորդ անգամ, ապա նա իր կամքով չի դադարելու ծեծել կնոջը կամ ընկերուհուն։
Կոնկրետ Ձեր պարագայում կարող եմ ասել, որ նկարագրել եք առավել ծանր դեպք, երբ անգամ մեղքի զգացողությունը, որն առաջանում է բռնություն կիրառելուց հետո, փորձ է արվում սուբլիմացվել՝ կատարված մեղավորությունը բարդելով «զոհի», այսինքն Ձեզ վրա։ Առանց վարանելու կարող եմ ասել, որ նա իր կամքով ու ցանկությամբ չի դադարեցնելու Ձեր վրա ձեռք բարձրացնել։ Առավելագույնը, որ կարող եք ակնկալել այս իրավիճակում, այն է, որ նա դա չափազանց հաճախ չի անի, սակայն փորձը ցույց է տալիս, որ տեղի է ունենում ճիշտ հակառակը։
Քանի որ դիմողը Դուք եք ու Դուք էլ բարձրաձայնում եք խնդիրը, ասեմ այսպես. հոգեբանը չի կարող Ձեզ ցուցում տալ ինչ անել, իսկ ինչ չանել, սակայն որպես հոգեբան՝ ես Ձեզ նկարագրեցի հավանական ռիսկերը Ձեր իրավիճակում։ Ամեն դեպքում որոշում ընդունողը Դուք եք ու միմիայն Դուք, անգամ այն դեպքում, եթե Ձեր ընդունած որոշումը Ձեր ընկերոջ «սրտով չլինի»։



