Civilnet.am-ը գրում է․

Թուրքական Posta թերթի նոյեմբերի 2-ի համարում հարցազրույց էր հրապարակվել Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ, որտեղ նա մի շարք հայտարարություններ էր արել («ինքը չի շարժվում Հայաստանի հրահանգներով», «թուրքերը խղճով մարդիկ են», «անօգուտ է Օսմանյան ժամանակի հին դեպքերը վեր հանելը»), որոնք հայաստանյան մամուլում տարաբնույթ արձագանքների էին արժանացել։

Հրապարկման մեջ նշվում էր նաև, որ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլը Ազնավուրին «Ոսկե սոսի» մրցանակ է հանձնել և հրավիրել Թուրքիայում համերգ տալու: Հայաստանի արտգործնախարարությունը նոյեմբերի 5-ին հանդես եկավ հերքմամբ` նշելով, որ «Շառլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել»:

Շարլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել։

ՍիվիլՆեթը կապ հաստատեց Posta թերթի խմբագրության և հոդվածի հեղինակ, թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանի հետ:

Լուրի պատասխանատու խմբագիր Սերքութ Պոզքուրթը ՍիվիլՆեթի հետ զրույցում պնդեց, թե «600 հազար տպաքանակ ունեցող թերթում անհնար է իրականությանը չհամապատասխանող լուր գտնել»: Նա հրաժարվեց նաև լուրը հավաստող հավելյալ փաստեր տրամադրելուց:

Հայտնի թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանը, իր հերթին, հաստատեց հանդիպման [ռեստորանի հասցեն` Le Petit Pergolese rest, 38 rue Pergolese, 75116 Paris, France] և Ազնավուրի կողմից մրցանակի ընդունման փաստը:

ՍիվիլՆեթի հարցին, թե Ազնավուրը, մասնակցելով ճաշկերույթին, տեղյա՞կ էր արդյոք, որ իր խոսքն օգտագործվելու է մամուլում, Օզերմանը դրական պատասխանեց: Նա պնդեց, որ իրենք հաճախ են հանդիպում Ազնավուրի հետ և զրուցում հայ-թուրքական հարաբերությունների մասին:

«Այս հանդիպման նպատակը Ազնավուրին և Թուրքիայի դեսպանին միմյանց հետ ծանոթացնելն էր, և ես չեմ գրել նրանց զրույցի մանրամասների մասին: Ես զրույցի դիվանագիտական և քաղաքական կողմը չեմ կարևորել, այլ ցանկացել եմ հանրությանը ներկայացնել Ազնավուրի կառուցողական և մարդասիրական մտքերը: Նա ցանկանում է բաց տեսնել հայ-թուրքական սահմանը»,- նշեց Օզերմանը:

Նա ասաց, թե զարմանում է, որ հայ ընթերցողը դժգոհ է Ազնավուրի արտահայտած մտքերից: Նրա խոսքով` շանսոնյեն հաճախ է հանդես եկել իշխանությունների քննադատությամբ, ինչն էլ պարբերաբար հայտնվել է արևմտյան մամուլի էջերին:

«Ես սուտ բան չեմ գրել: Ինքը նախկինում էլ է հայտարարել, թե չի շարժվում Հայաստանի հրահանգներով: Այդ արտահայտություններին ես ծանոթ եմ նրա հետ առանձին մեր հանդիպումներից»,- ասաց Օզերմանը:

ՍիվիլՆեթի ճշտող հարցին` արդյոք հրապարակման մեջ տեղ գտած մտքերն Ազնավուրն արտահայտել է հենց ճաշկերույթի՞ ընթացքում, թե՞ դրանք ընդամենը թուրք պրոդյուսերի ենթադրություններն են` հիմնված նախկինում շանսոնյեի արտահայտած մտքերի վրա, Օզերմանը պատասխանեց. «Ինչ տարբերություն` գրածներս նրա մտքերն են: Ես կոլաժ եմ արել: Նա, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, մտահոգ է իր ժողովրդի ճակատագրով և հենց այս պատճառով էլ կողմ է հայ-թուրքական բարեկամությանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել