Ի՞նչ ընդհանրություն կա Չակ Նորիսի, Սթիվեն Սիգալի, Դեմի Մուրի, Սիլվեստր Ստալոնեի ու Չարլի Շինի միջև։ Նրանք բոլորն իրենց կարիերայի որոշակի փուլում խաղացել են հատուկ նշանակության զորքերի զինվորի դեր։ Ռազմական բոլոր ստորաբաժանումների մեջ հենց հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումն է հատուկ գրավչություն ներկայացնում շատերի համար։ Այստեղի զինվորները մյուսներից տարբերվում են նրանով, որ անցնում են հատուկ նախապատրաստում և ավելի բարձր պահանջների են համապատասխանում։ Վերջին տարիներին բազմաթիվ էլիտար ռազմական ստորաբաժանումներ լայն ճանաչում են ստացել ԶԼՄ-ների շնորհիվ։ Նրանց գործունեության շրջանակների մեջ են մտնում ահաբեկչության դեմ պայքարը, գերիների ազատագրումը և հետախուզական օպերացիաների անցկացումը։ Նման օպերացիաների բարեհաջող ավարտի համար էլ անհրաժեշտ է հատուկ ռազմական նախապատրաստում, որն անցնում են զինվորները։ Այս ցուցակում ներառված են հատուկ աշխարհի 10 լավագույն հատուկ նշանակության խմբերը։ Որոշ անվանումներ հավանաբար զարմանք կհարուցեն Ձեզ մոտ, սակայն թույլ մի՛ տվեք ԶԼՄ-ներին մոլորության մեջ գցել Ձեզ։
10. GIGN, Ֆրանսիա
![]()
Մեր ցուցակը բացում է Ֆրանսիայի ազգային ժանդարմերիայի արագ արձագանքման խումբը։ Խումբը կազմավորվեց 1972 թ.-ին Մյունխենյան օլիմպիադայի ժամանակ տեղի ունեցած տխուր իրադարձություններից հետո, որոնց ընթացքում բազում մարդիկ գերեվարվեցին ու սպանվեցին։ Դրանից մի տարի առաջ ազգային բանտում խռովություն բարձրացավ, որի ժամանակ տուժեցին բազում անմեղ մարդիկ։ Այս տխրահռչակ իրադարձություններից հետո կազմավորվեց 400 մարդուց բաղկացած էլիտար ռազմական խումբ։ Այս թիմը զբաղված է հակաահաբեկչական օպերացիաներ ու պատանդների ազատագրում կազմակերպելով։ Գործունեության ողջ ընթացքում այս խմբի անդամները երբեք թեկուզ կարճ ժամանակով անգործության չեն մատնվել։ Նրանք մի շարք բարեհաջող օպերացիաներ են իրականացրել, այդ թվում՝ Ջիբութիում պատանդ պահվող 30 դպրոցականների փրկությունը, Բոսնիայում զինվորական հանցագործների ձերբակալումը, Սոմալիի ծովահենների դեմ օպերացիան և «8969 Air France» չվերթի պատանդների ազատագրումը, որը տեղի ունեցավ Մարսելում 1994 թ.-ին։
9. SSG, Պակիստան
![]()
1956 թ.-ին Պակիստանի բանակը ստեղծեց հատուկ նշանակության զորքերի իր սեփական ստորաբաժանումը՝ SSG-ն։ Այս խմբի մեջ մտնող մարդկանց թիվը գաղտնի մնաց, իսկ ինքնին ստորաբաժանումը ստեղծվել է բրիտանական ու ամերիկյան հատուկ նշանակության ջոկատների օրինակով։ Այստեղ բավականին խիստ ընտրություն է կատարվում, և հիմնական կազմում ընդգրկվում է չորս նորակոչիկներից մեկը։ Բոլոր նորակոչիկներն անցնում են 9-ամսյա նախապատրաստական դասընթաց օդադեսանտային ուսումնարանում, ինչպես նաև ձեռնամարտի ու ֆիզիկական պատրաստվածության դասընթացներ։ Այստեղի ուսումնական գործընթացը ներառում է ռելիեֆի երեք տեսակ. լեռնային, անապատային և ջունգլիների։ Բացի այդ, պարտադիր անցկացվում են նաև ստորջրյա պարապմունքներ։ Սառը պատերազմի ամենասկզբում SSG-ն համագործակցում էր ամերիկյան հատուկ նշանակության ուժերի հետ։ Զինվորների մի մասը 1980-ականներին մասնակցել է Աֆղանստանի պատերազմին և Հնդկաստան կատարված զինված ներխուժումներին։ 2009 թ.-ին այս կազմակերպությունը մասնակցեց մի հակաահաբեկչական օպերացիայի՝ կանխարգելելով հարձակումը Լահորի ոստիկանական ակադեմիայի վրա և ազատագրելով պատանդներին, որոնք գերեվարվել էին Պակիստանի ռազմական շտաբի վրա տեղի ունեցած հարձակման ժամանակ։
8. Սայրետ Մատկալ, Իսրայել
![]()
Իսրայելական հատուկ նշանակության զորքերի այս ստորաբաժանումը զբաղվում է հետախուզությամբ, ահաբեկչության դեմ պայքարով և Իսրայելի սահմաններից դուրս պատանդների ազատագրմամբ։ Սայրետ Մատկալը հիմնադրվել է 1957 թ.-ին։ Այստեղ ընդգրկվում են ֆիզիկական ու մտավոր բարձր ընդունակություններով աչքի ընկնող մանրակրկտորեն ընտրված թեկնածուները։ Ուսուցումն այստեղ տևում է 18 ամիս։ Այս ստորաբաժանման կրթական համակարգի հաստատությունների մեջ մտնում են բազային հետևակային ուսումնարանը և պարաշյուտիզմի դպրոցը։ Զինվորներն անցնում են նաև ահաբեկչական հարձակումների կանխարգելման դասեր ու հետախուզության հիմունքների դասընթացներ։ 1960 թ.-ից ի վեր այս ստորաբաժանումը մասնակցել է բազում լայնամասշտաբ օպերացիաների։ Դրանցից ամենախոշորը «Էնտեբբե» օպերացիան էր։ Այս օպերացիայի ընթացքում զինվորները դրսևորեցին իրենց մարտական պատրաստվածությունն ու վճռականությունը։ Այս օպերացիան միտված էր այն պատանդների ազատագրմանը, ովքեր գերեվարվել էին պաղեստինցի ահաբեկիչների կողմից Ուգանդայի «Էնտեբբե» օդանավակայանում։ Օդանավակայանի վերջնակայանում պահվող պատանդների թիվը հատում էր հարյուրի սահմանը։ Սայրետ Մատկալ խմբին հաջողվեց ազատել գրեթե բոլոր պատանդներին։
7. EKO-Cobra, Ավստրիա
![]()
1972 թ.-ին Մյունխենյան օլիմպիադայի ժամանակ իսրայելացի մարզիկների վրա տեղի ունեցած հարձակումից հետո Ավստրիայում ստեղծվեց «Einsatzkommando Cobra» հատուկ նշանակության ջոկատը, որի հիմնական առաքելությունն էր հակաահաբեկչական օպերացիաների անցկացումը։ Այս ջոկատի մեջ մտնում էին 450 զինվորական, որոնք մինչ այդ ծառայում էին Ավստրիայի ֆեդերալ ոստիկանական զորքերում։ Այստեղ ուսուցումը մի քանի ամիս է տևում։ Այդ ժամանակահատվածում զինվորներն անցնում են հրացանաձգության, օտար լեզուների, մարտարվեստների, գրոհային ու մարտավարական պատրաստվածության դասընթացներ։ Միայն նրանք են անցնում ուսուցման ամբողջական կուրսը, ովքեր հաջողությամբ հանձնում են հոգեբանական ու ֆիզիկական թեստերը։ Բացի ընդհանուր առարկաներից, ֆակուլտատիվ հիմունքներով այստեղ սովորեցնում են նաև դայվինգ, պայթուցիկների հետ աշխատանքի առանձնահատկություններ և նախապատրաստում են ապագա դիպուկահարների։ Հատուկ նշանակության զորքերի այս ստորաբաժանումը միակն է, որին հաջողվել է կանխարգելել ինքնաթիռի առևանգումն անմիջապես թռիչքի ժամանակ։ Դա կատարվել է 1996 թ.-ին։ Հատուկ նշանակության զորքերի 4 զինվոր թռչում էին այդ նույն ինքնաթիռով, որը հանցագործները պատրաստվում էին առևանգել։
6. «Դելտա» ջոկատ, ԱՄՆ
![]()
Այս խմբի ամբողջական անվանումը «Դելտա» առաջին օպերատիվ ջոկատ է։ Հակաահաբեկչական օպերացիաներ իրականացնելուց բացի, այս խմբի անդամները մասնակցում են պատանդների ազատագրման և հետախուզական օպերացիաների մեջ։ Խումբը կազմավորվել է 1977 թ.-ին՝ այն բանից հետո, երբ ահաբեկչական հարձակումների թիվը կտրուկ ավելացավ։ Ջոկատի մեջ հիմնականում ընդգրկված են հատուկ նշանակության այնպիսի զորքերում ծառայած զինվորները, ինչպիսիք են «Կանաչ բերետները» և «Ռեյնջերները»։ Այստեղ ուսում ստանալու համար դիմում են 21-ն անց տղամարդիկ, ովքեր ունեն կապրալի կամ ավագ սերժանտի կոչում։ Նրանք անցնում են մի շարք ֆիզիկական ու հոգեբանական հյուծիչ թեստեր, որոնք միտված են զտել դիմորդներին և հիմնական կազմ ընդգրկել միայն լավագույններին։
Շարունակելի...



