Հաճախ ենք լսում. «Ի՜նչ տարօրինակ մարդ ես, ուրեմն առ այսօր արվեստը հետաքրքրու՞մ է քեզ... Մեր օրերում ուրիշ հետաքրքիր բան չկա՞»: Երևի դա է պատճառը, որ այսօր իսկական արվեստն ու արվեստագետը և նրանց սիրահարները հաճախ բրածո կենդանիներ են հիշեցնում: Այս դարը գործարարների, տեխնիկայի, համակարգիչների, ժամանակակից տեխնոլոգիաների դար է, ու, բնականաբար, շատ դեպքերում խոսք չի կարող լինել ոգու, մտքի, երազանքի մասին…
Այսօր մարդկությանը թվում է, թե կարող է առանց արվեստի աապրել: Նա այլևս չի ուզում մտորել, երազել, զննել, անրջել, ուզում է լոկ ֆիզիկական հաճույքներ վայելել… Ու, ցավոք, ապրում է, վայելում, բավարարվում միայն էժանագին, մարմնական, նյութական ցանկությունների հագեցումով, դրանց բավարարմամբ:
Մինչդեռ հարկավոր է բացել դուռը… Բացել արվեստի հիասքանչ աշխարհի դուռը… Բացել և մտնել թերևս աշխարհներից ամենակատարյալը` իսկական ու վսեմ, անզուգական, անկրկնելի, հետաքրքիր Արվեստի աշխարհը…
Այդ աշխարհում բառերը ճախրանքի մեջ տարածում են իրենց ծիածանագույն թևերը, գույներն ու գծերը դառնում են համանվագ, հնչյուններն ու ձայները բարձրանում են մինչև երկինք, ճախրում երկնքում, Տիեզերքն ու Բնությունը կատարյալ ներդաշնակություն են ներկայացնում, Շարժումը թարգմանում է առարկաների և երևույթների ներքին աշխարհը, Ժամանակը գոյություն ունի միայն մարդու և կյանքի համար…. Համահունչ, գեղեցիկ, իդեալական, հիասքանչ, անկրկնելի, զարմանահրաշ ու անմեկնաբանելի… Եվ դու մտնելու ես այդ դռնից, մտնելու ես Արվեստի աշխարհը և քո ուղեկիցը, քեզ ուղղորդողը կլինեն քո սիրտը, քո հոգին, այն հանճարները, տաղանդները, այն գեղեցիկ ստեղծագործությունները, որոնք մշտապես, դարեր շարունակ, սերնդեսերունդ ուղեկցել են մարդկությանը….
Մտիր այդ դռնից, համարձակ մտիր այդ աշխարհ… Անպայման, առանց վարանելու, քանի որ առանց այդ աշխարհի մարդն անլիարժեք է, անհոգի, անզգա…



