Ասում են՝ նոր տարին ոնց սկսես, այդպես էլ այն կանցնի: Մեկ-մեկ դա օրերին էլ է վերաբերվում: Գիշերն ինչպես միշտ քնեցի 4-ի կողմերը: Առավոտյան դավադիր զանգը արթնացրեց ինձ: Մտովի զանգողի վրա հաստ խաչ քաշեցի՝ ինձ վերջնականապես զրկելով նրա հետ օպերայի տարածքում մի բաժակ դառը սուրճ ըմպելու անիմաստ գայթակղությունից: Մի ժամ հետո արդեն ընկերոջս խանութում էի: Խանութի անունը չեմ տալիս, որ շատ չնեղվի: 1800 դրամանոց մի զրթիկ էի գնելու: Ներվայնացած սպասում եմ վճարմանս հերթին, ականջի ծայրով էլ լսում եմ, թե գանձարկղի մոտ նստած օրիորդոտ աղջնակը ինչ հարցեր է տալիս դիմացիս կանգնածներին: Անուն ազգանուն հայրանուն, հեռախոսի համար, հետո մի բլանկ է տալիս, որ երկու տեղ ստորագրես, հետո նոր գնաս քո զրթիկի հետևից։ Դե տրամաբանորեն էս կինոյի պատճառը քո բջջայինի համարը բազա գցելն է, որ հետո ամիսը մի քանի անգամ ֆիլհարմոնիկից եկած ՍՄՍ-ների հետ զուգահեռ խանութի տեսականին գովազդող ՍՄՍ- ներ ուղարկեն։ Այստեղ միայն հայրանունի պահն էր կրեատիվ, դե հլը անուն ազգանունը մի տեղ ձևական կարելի էր հասկանալ։ Մի խոսքով հերթս հասավ։ Թարսի պես այսօր մի հատ պապիական գլխարկ էի դրել, դե թզբեխս էլ անպակաս ձեռքիս էր, ու ստեղ կարճամետրաժ կինոն սկսվեց.

-Անուն ազգանուն-Պետրոսյան Պետրոս։ Դադար.-Հայրանո՞ւնը-Պետրոսի։ Հիմա պատկերացրեք օրիորդոտ աղջկա կնիկոտին նայող հայացքի փոփոխությունը, կիսաարհամարհական հայացքը դեպի ինձ, 1800 դրամանոց չեկը, ու մտքի մեջի ասածը՝ Դիանա Գրիգորյանի սերիալների ոճի մեջ, որ ես բարձր լսեցի՝ Սրա անուն ազգանուն հայրանունը, որ էսքան անֆանտազիա են բռնցրել, դժվար էլ հեռախոս ունենա: Ոնց հասկացաք, հեռախոսիս համարը չհարցրեց, բայց վերջում այդ օրիորդոտ աղջնակը, որը հաստատ մեր զորամասում իմ դեմբելներից կարող էր լիներ, կծողական ասաց.- Խնդրեմ Ձեր չեկը, հայրիկ ջան: Թե ստեղ ով ում կրեց չգիտեմ, բայց 2 րոպեից հասա մեքենայիս մոտ: Ի սկզբանե չասեցի, որ մեր թաղամասում էի, որտեղ համ կարմիր գծերը, համ էդ գծերը հորինողներին մեղմ ասած ասոցացնում են...... լավ դե պարզ է, չէ՞, որ մեր մոտ կարմիր -մարմիր գիծ չկա։ Մինչև մեքենաս խոդի տվեցի, հասա երկրորդ գիծ, հայտնվեց ամենահաս Ջին ձյան իր «Կանգնելավաաարձը» կառոննի արտահայտությամբ։ Դե ես էլ, հարգելով թաղամասիս հնագույն ավանդույթները, նրան ընծայեցի հասանելիք 200 դրամը և նույն արագությամբ անհետացող 60- ին մոտ Կանգնելատիրոջ կողմից արժանացա «մերսի, հոպար ջան» այդ իրավիճակում գերադրական տիտղոսին: Մի քանի ակնթարթ հետո Բանգլադեշիս սահմանը հատվեց, բայց մեքենայիս մեջ դեռ շարունակվում էր լսվել Արամ Ասատրյանի «Անկախ Հայաստան» կոմպոզիցիան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել