Կառավարությունը մտադիր է 2015թ. համալրել պետական բյուջեն 28,5 մլրդ դրամով՝ ստվերային շրջանառությունների և տնտեսական գործընթացների հաշվին: Սակայն միայն սրանով չի սահմանափակվում պետական բյուջեի եկամուտների ավելացումը:
ԵՏՄ-ին անդամագրումից բխող ազդեցությունները դեռևս ներաված չեն հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծում, քանի որ այդ աշխատանքները կառավարությունում դեռևս շարունակվում են:
Սպասվում են եզրակացություններ Ազգային ժողովում բյուջեի նախագծի վերջնական տարբերակի ներկայացման ժամանակ։ Այնուամենայնիվ, բյուջեի եկամուտների առումով արդեն հնչում են որոշ գնահատականներ: Հատկապես մեծ ակնկալիքներ կան նոր տնտեսական տարածքում միասնական մաքսատուրքերի զամբյուղից:
Հայաստանի պետական բյուջեի լրացուցիչ մուտքերն այս գծով կարող են հասնել մինչև 180 մլն դոլարի, ինչը լուրջ աջակցություն է թե՛ տնտեսությանը և թե՛ պետական բյուջեին:
Միայն այդ գումարի տնտեսական արդյունքը համախառն ներքին արդյունքում գնահատվում է 1 տոկոսանոց աճի չափով։