Civilnet.am-ը գրում է․
Թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանը Փարիզում հանդիպել և զրուցել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ: Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը, Ազնավուրին հանձնվել է «Ոսկե սոսի» մրցանակը:
Հարցազրույցի որոշ հատվածներ հնարավոր է` հայ ընթերցողի շրջանում տարակուսանք առաջացնեն: Չի բացառվում, որ դրանք թուրքական մամուլի խեղաթյուրման հետևանք են, թեև շանսոնյեի արտահայտած որոշ մտքեր տեղավորվում են նախկինում նրա արած հայտարարությունների համատեքստում:
Թուրքական Posta թերթի նոյեմբերի 2-ի համարում հրապարակված հարցազրույցը ՍիվիլՆեթը ներկայացնում է թարգմանաբար, որոշ կրճատումներով և առանց խմբագրական միջամտության:
Աշխարհում ապրող ամենամեծ արտիստներից մեկին` Շառլ Ազնավուրին, երկար տարիներ եմ ճանաչում` Փարիզից: Եվ գիտեմ նաև, որ չնայած տարածված ասեկոսեներին, թուրքերին շատ է սիրում: Անցած տարիներին նրան մշտապես ասում էի` արի´ հարցազրույց տուր, պատմի´ր քո անկեղծ զգացմունքների մասին: Քաղաքական օրակարգը, շրջապատի ճնշումները, գուցե և Սփյուռքի հակազդեցությունը հնարավորություն չէին տալիս կյանքի կոչել հարցազրույցը:
Հետագայում մի միտք հղացավ ինձ մոտ՝ Փարիզում ընթրիք կազմակերպել և հրավիրել Ազնավուրին, Չիկոյին, Ղադե Շաքիրին և Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքքը Աքիլին: Այնուհետ հարցրի Շառլ Ազնավուրին, որը նաև Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում, թե ինչ է մտածում ընթրիքի մասին: Ազնավուրն ընդունեց հրավերը: Փարիզում մի ռեստորան գտանք, երեք ժամ զրուցեցինք և ընթրեցինք:
Ահա հատվածներ այդ հարցազրույցից.
-Տարածված պատկերացում կա այն մասին, թե Շառլ Ազնավուրը հայկական ծագում ունենալու պատճառով թուրքերին չի սիրում և հանդես է գալիս Թուրքիայի դեմ:
-Սուտ է: Մինչև այսօր ես որևէ բառ չեմ ասել Թուրքիայի դեմ: Եթե ասել եմ, ցո´ւյց տվեք: Հայկական ծագում ունենալու համար որևէ մեկին նման մեղադրանք առաջադրելը և թիրախավորելը խղճի և մարդկության դեմ է: Իմ մայրը թուրք է [նկատի ունի՝ նախկին թուրքահպատակ - ՍիվիլՆեթ]: Իզմիթցի է: Իզմիթում և Ադափազարում տասնյակ բարեկամներ ունենք: Մորս մայրենի լեզուն թուրքերենն էր, և մայրս թուրքերեն էր խոսում:
Մայրս շատ էր սիրում Թուրքիան, հաճախ էր Ստամբուլ գնում-գալիս: Չգիտեմ, թե ում կողմից է հորինվել, սակայն ինձ խորապես վիրավորում է այդ նախադասությունը` հայկական ծագում ունեցող թուրքի թշնամի: Որքան մտահոգիչ, ցավալի և նվաստացուցիչ զրպարտանք է դա:
Ում` ինչ օգուտ կարող է տալ Օսմանյան ժամանակի հին դեպքերը վեր հանելն ու այդ ցավալի ժամանակներում դեռևս չստեղծված Թուրքիայի Հանրապետությանը մեղադրելն ու հնում մնացած վերքերը փորփրելը: Իսկապես շատ ամոթալի և անբարոյական է այն, որ փորձում են ինձ քաղաքական տարաձայնությունների մեջ ներքաշել, ներկայացնել որպես Սփյուռքի ներսի մարդ, իմ բերանով հայտարարել այն, ինչ իրենք են ցանկանում, ինձ օգտագործել Ցեղասպանության շուրջ վեճերը կրկին օրակարգ բերելու համար: Ցավոք, թուրքերի մի մասն էլ հավատում է այդ ամենին և կարծում, թե ես իսկապես թուրքերի թշնամին եմ: Անցյալ տարի մի հարցազրույց էի տվել և ասել, որ թուրքերը զայրանում և վշտանում են «ցեղասպանություն» բառից…. Սփյուռքը շատ մեծ հակազդեցություն ցուցաբերեց: Ինչ ասես, որ չասացին ինձ:
-Հայկական արմատներով նշանավոր շատ այլ մարդիկ կան, սակայն Ցեղասպանության խնդրով Ձեզ են մշտապես հարցեր ուղղում:
-Ես ծնվել-մեծացել եմ Ֆրանսիայում: Երգերս ֆրանսերեն եմ գրել ու երգել, ֆիլմերում էլ ֆրանսերեն եմ խոսել: Աշխարհի բոլոր կողմերում ինձ ճանաչում են որպես ֆրանսիացի, որովհետև ես Ֆրանսիայի քաղաքացի եմ: Ինձ շատ է վշտացնում այն, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը փակ է: Շատ ապրանքներ Հայաստան գալիս են հենց Թուրքիայից, սակայն Վրաստանի վրայով: Հայաստանի սահմանները թե´ Թուրքիայի, թե´ Ադրբեջանի հետ պետք է բաց լինեն: Հարևանները պետք է բարեկամ լինեն: Ատելությունը և թշնամանքը պետք է արդեն մոռանալ: Հայաստանի ժողովուրդը չի կարող երջանիկ լինել մեծ պետություններից ուղարկված օգնությամբ, հատկապես, որ այդ օգնության մեծ մասը կազմում է զենքը: Այդ զենքերը չեն կարող լինել խաղաղության մեջ ապրելու գրավական: Ես միշտ խոսել եմ այս մասին և հիմա էլ եմ այդ հարցը բարձրաձայնում: Ինչպես նշել եմ նախկինում, ես իրադարձություններին մոտենում են մարդկային տեսանկյունից և ոչ որպես քաղաքական գործիչ:
-Ձեր խոսքերից հասկանում եմ, որ Դուք գոհ չեք Հայաստանի վարած միջազգային քաղաքականությունից: Բացահայտորեն քննադատում եք Հայաստանի կառավարության քաղաքականությունը` այն համարելով անհաջող: Սակայն միաժամանակ` Դուք Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն ենք Շվեյցարիայում:
-Այո, արտակարգ և լիազոր դեսպան եմ… Սակայն դա չի խանգարում իմ անկախ գործունեությանը: Ես անկախ դեսպան եմ, այսինքն` չեմ շարժվում, չեմ շարժվի և չեմ կարող շարժվել Հայաստանի հրահանգներով: Ես շարժվում եմ այն ճշմարտություններով, որոնք ես եմ ճանաչում:
-Ինչպիսի՞ն է Ցեղասպանության վերաբերյալ Ձեր երեխաների մոտեցումը:
-Այդ հարցը պետք է իրենց տաք: Ես ներկայացնեմ իմ ընտանքի համայնապատկերը, պատասխանը դու գտիր: Կինս ծագումով շվեյցարիացի է և բողոքական: Ես թուրք-վրացական ծագում ունեմ [նկատի ունի` մայրական կողմից Թուրքիայից է, հայրական կողմից` Ախալցխայից - ՍիվիլՆեթ], ֆրանսիացի եմ և գրիգորյան [նկատի ունի` հայ առաքելական - ՍիվիլՆեթ]: Աղջիկս ամուսնացել է ալժիրցու հետ: Այդ ընտանիքը մուսուլման է: Մյուս աղջկաս ամուսինը հրեա է: Մեր ընտանիքը կրոնական պատկանելության տեսանկյունից էլ շատ հարուստ է: Մեր ընտանիքի հարկի տակ ներկայացված են բոլոր կրոնները: Ոչ ոք մյուսի մտածողությանը և դավանանքին չի խառնվում: Վերջապես, երբ ամուսնանում էին, չեմ ասել, թե քո ամուսինը մուսուլման է կամ հրեա: Մեզնից յուրաքանչյուրը տարբեր ազգություների պատկանող մոտ ընկերներ ունի: Ինչքան գեղեցիկ է: Օրինակ` այս սեղանի շուրջ իմ կողքին նստած տիկինը` Ղադե Շաքիրը, իմ ամենամոտ թուրք ընկերն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ