Ազնավուրի վերջին սկանդալային հարցազրույցը, որտեղ նա ասում է, թե ինքը անկախ դեսպան է ու չի շարժվելու Հայաստանի հրահանգներով, իհարկե, աննախադեպ դիվանագիտական կազուս է: Բայց դա ավելի շուտ խոսում է ոչ թե Ազնավուրի, այլ նրան դեսպանի պաշտոնում նշանակողի մասին: Մենք քիչ թե շատ կայացած դիվանագիտական կորպուս ունեինք: Փոխանակ նորմալ, դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող մասնագետների նշանակեն, այս տարիներին երգիչ Ազնավուրին են դեսպան նշանակում, ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին են դեսպան նշանակում, գործարար Անդրանիկ Մանուկյանին են դեսպան նշանակում, դիլետանտ Շավարշ Քոչարյանին են փոխարտգործնախարար նշանակում: Ի՞նչ գործ ունի Ազնավուրը կամ Յուրի Վարդանյանը դեսպանի պաշտոնում, որ այս օրն ընկնենք:
Արդյունքում, Ազնավուրին նշանակել են, ու կրակն են ընկել: Հիմա թողնեն այդ պաշտոնում, նոր կազուսներ կստանանք, հանեն՝ անհարմար բան կստացվի: Պատկերացրեք, թե միջազգային հանրության մոտ ծաղրի ու ծիծաղի ինչ առարկա ենք դարձել: Մեր դեսպանը հայտարարում է, որ թքած ունի մեր իսկ իշխանությունների վրա, նրանց բանի տեղ չի դնում: Ամբողջ աշխարհի առջև: Էլ չեմ ասում, թե սա երկրին ինչպես է հեղինակազրկում, եթե, իհարկե, հեղինակություն մնացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել