IMG_8366

Իմ բոլոր ջանքերը՝ Դավիթ Բլեյանին մինչև ժամը 8.00 արթնացնելու, հաջողության չունեցան: Մարդը կիրակի չքնածը խորը-խորը հիմա է քնում. ո՜ւր ունի շտապելու, իրեն ինչ, որ հայրիկն էլ, մայրիկն էլ ժամով կապված են դպրոցին: Ի՞նչ են անում այս դեպքում մեր գործընկներները… Մենք ելք գտանք. Դավիթն արթնացել է 9.30, ես արդեն տանը չեմ. իսկ մայրիկն արագացնում է Դավթին, որ 3-րդ ժամին մայրենիի պարապմունք ունի 5-րդ դասարանում:
Դավիթը չի շտապում. ուզում է իր կիսատ թողած մուլտն ավարտի…
- Ի՞նչ ես ուզում, Դավիթ,- զայրացել է մայրիկը…
- Ուզում եմ քեզ հանեն շպրտեն դուրս դպրոցից, մնաս տանը, ես իմ մուլտիկը նայեմ, հանգիստ խաղամ տանը…
Մայրիկն էլ, կարծեմ, դեմ չէ… Ես էլ կարտահայտվեմ, երբ գործողություն դառնա։

Մի՛ փորձեք խղճահարություն արթնացնել այս գազանների մոտ… Նրանք դրանից ավելի աննահանջ են դառնում, ավելի իրենց ասածի տեր… Պիտի լինել դրության տերը` շրջանցելով բոլոր փակուղիները, չառաջացնելով դրանք, եթե բռնության, ուժային լուծման չեք դիմելու…

Իրիկունը մանկապարտեզից միասին ենք տուն գալիս. քնել է խմբում մինչև 17.15, արթնացել ամենավերջում, երբ ընկերները ոչ միայն արթնացել, այլև հաց են կերել… գնացել են տուն…

Ճանապարհին, ինչպես առավոտյան, պարզկա Մասիս էր, տեսարան «Հաղթանակ» կամրջի վրայից դեպի Մասիս. Նորագյուղի բլուրն էլ իր լույսերով՝ ոնց որ Նոր տարվա խաղալիք, ընկած Մասիսի փեշերին… Ես ու Դավիթը մոտեցանք կամրջի մեջտեղին, որտեղից կիրճն էր երևում, Զանգուն էր իրիկնային լույսի ներքո փայլատակում, հեռվում Մասիսն էր` թարմ ձյունե շղարշով…

IMG_7537

Քայլում ենք դեպի մեր շենքը. ցուրտ է, ու լուսինը մաքուր-մաքուր է… վախեցնելու չափ…
- Ես լուսնից չեմ վախենում, հայրիկ: Հենց ուզենա լուսինը կծի, կասեմ` փախի, շնիկ լուսին, ու ինքը կփախնի, արևը կգա… Լուսինը շունիկի նման կծում ա՞, շունիկի նման հաչում ա՞, հայրիկ…

Էլի չի ուզում, չի քնում մեր տղան. 23.00 է արդեն: Արմինեն նյարդայնանում է:
- Հայրի՜կ,- ձգվում է ննջարանից մինչև իմ աշխատանքային անկյուն «պարանը», որով Դավիթն ինձ քաշում-տանում է իր ծոցը: Օրը պատմում է ինձ, հերթական անգամ մայրիկից ներողություն է խնդրում… մինչև կեսգիշեր…

Աչքալուսա՜նք, Սվետա Ճաղարյանը, կրթահամալիրի երաժշտության ուսումնական կենտրոնի ղեկավարը, Կարեն Խաչատրյանը՝ նշանավոր Կայը, երաժշտության լաբորատորիայի ղեկավարը, և Լիլիթ Առաքելյանը՝ իմ սիրելի Պիլոն դաշնակահար, հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին… Երեկ սպասված գնում իրականացրինք. մեր նշանավոր Մարմարյա սրահն էլեկտրոնային (թվային) ռոյալ ունի` տեղով մեկ կուկլա. ո՛չ կեր, ո՛չ խմի, մի գլուխ նվագի՜… Մենք մեզ պարգևատրեցինք մեր Տոնի առիթով. այ, էստեղ ու սրան են ասել` հալալ է… Ուսումնական գործիք է:

Ամենուր այնքան լավ գործիքներ, ուսուցման գրավիչ ու հարմար միջոցներ կան, որ ժամանակին կարող էինք երազել… Ուսումնակա՞ն են սրանք. ուսուցիչ-մասնագետը պիտի որոշի. մոբիլությունը, գրավչությունը, անվտանգությունը, հեշտությունը, բազմաֆունկցիոնալությունը և մատչելիությունը բավարար հատկանիշներ չե՞ն… Ի՞նչ ասել է՝ ափսո՜ս է. օր առաջ պիտի գործիքների և նյութերի առումով նորացվեն-ամբողջանան ուսուցման միջոցների մեր լաբորատորիաները, արհեստանոցները… Արագ-արագ պիտի մտնենք ֆիրմաներ, թերթենք կատալոգներ, այցելենք ցուցահանդեսներ, փնտրենք` մեդիայով մեկ նույն սարքի էժան անալոգները… Որտե՞ղ, եթե ոչ լավ դպրոցում, երեխան պիտի հաղթահարի չտեսությունը, հանդիպի իր կյանքը փոխող, այլ դարձնող տեխնոլոգիական ուսուցում, հմտությունների փոխանցում ապահովող միջոցների…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել