Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտÕ « պատասխան տա` ո՞վ է ինքը: Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդն ինքն է: Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը: Եվ վերջապես, ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից: Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, և համոզված եմ` մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ: Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում: Ոչ մի քաղաքական լուծում չի լինի, եթե մենք բանակցությունները, եթե մենք մեր խնդիրները չամրապնդենք ամուր բանակով: Շատ սիրողական բան եմ ասելու: Կնմանվենք Խրիմյան Հայրիկի թղթե գդալին: Մեզ հրաշալի շանս է տված: Գոնե, ի վերջո, ինքներս կրենք մեր ճակատագիրը, ի վերջո, ինքներս պատրաստ լինենք ամեն տեսակի արհավիրքների: Իսկ եթե մենք ներսից ամուր եղանք, ունենանք ամուր պաշտպանված պետություն, ոչ մի տեսակի դրսի միջամտություն, ոչ մի տեսակի անակնկալ մեզ համար ցավալի չէ: Տարածաշրջանը, ուր մենք ապրում ենք, լավագույններից չէ նաև բարոյական չափանիշների իմաստով, մեր ոչ մի հարևանից մենք բարձր կազմակերպվածության, կարգապահության, պետականության դասեր առնել չենք կարող: Էլ չեմ ասում տարածաշրջանային մենթալիտետի համարում ստացած կաշառակերության մասին: Եվ եթե մեր հարևաններից յուրաքանչյուրը Մեծ Աշխարհի հետ հարաբերություններում այս ամենը կոմպենսացնող որևէ ծանրակշիռ խաղաքարտ ունի` ծավալային, քանակային, ռեսուրսային, ապա մեզ մնում է մյուսներից ուղղակի մեկ գլուխ ավելի կազմակերպված, նպատակասլաց, բարոյական լինել վերջա պես: Ակնհայտ ճշմարտություն է, որ լավ հավաքված փոքրը, քիչը` հաճախ ավելի ուժեղ եւ հզոր է, քան վատ հավաքված մեծն ու շատը` լինի դա պետություն, բանակ թե ընտանիք: Արցախն աստիճանաբար վերածվում է անառիկ մի ամրոցի, որի պատերին զարկվելով՝ թշնամին կարող է ջարդուփշուր լինել: Ադրբեջանը պետք է իմանա, որ Արցախը մի տեղ է, որին այլևս խփել, կուլ տալ հնարավոր չէ: Դա է Արցախի փրկությունը, և մենք՝ ժողովուրդ-պետությունով, կուսակցություններով, յուրաքանչյուր մարդ՝ իր կարեցածի ու հնարավորությունների չափով պիտի նպաստի այդ գործին: Ու պիտի գնա ուժերի կենտրոնացում և ոչ թե ջլատում: Պաշտպանության խնդիրը պահանջում է գերկենտրոնացվածություն, իսկ ջլատողների դեմ կպայքարենք ամենայն վճռականությամբ: Մեր ճակատագիրը մեր ձեռքում է: Յուրաքանչյուր հայ մարդ Մարտակերտից մինչև Նոյեմբերյան ու Լոս Անջելես պիտի իրեն պատասխանատու զգա այս պատերազմի համար ու իմանա, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անի: Մեր հավաքական կամքն ու դիմադրողականությունը պիտի մեծացնենք, փրկությունը դա է: Պիտի կրկնեմ տասնյակ անգամներ ասածս. մեզ չի բավարարում այսօրվա վիճակը, անհրաժեշտ է ունենալ ոչ թե տարածաշրջանի ամենաուժեղ բանակը (այստեղ, ըստ էության, համեմատվելու քիչ բան կա: Ու՞մ հետ պիտի համեմատվենք՝ Ադրբեջանի՞, թե՞ Վրաստանի), այլ պիտի ունենանք մեր ժամանակի լավագույն բանակներից մեկը: Ես երազում եմ ունենալ շատ կենտրոնացված, մարտունակ ու շատ գաղափարական բանակ: Համոզված եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք ու ընթանում ենք այդ ճանապարհով: Դարը շուռ է գալիս: Էջ ենք թերթում: Նոր էջ ենք գրելու: Մեր ձեռքով, ուրիշի թելադրանք չի լինելու: Հազարամյակ է փոխվում: Դա էլ իր ներքին արձագանքն է ստանալու մեր ինքնագիտակցության մեջ հոգեբանության, ենթագիտակցության: Մենք զգայական ազգ ենք և միշտ չէ, որ զգայականությունը վնաս է տալիս, շատ հաճախ զգայականությունը օգուտ է տալիս: 21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել