Աթենա Մանուկյան. «Հայկական ծագում ունեմ, և ես հպարտ եմ դրա համար»ArmFashion-ը գրում է․

Աթենա Մանուկյան. երկու ջերմ արևների, երկու հին ազգերի` հայի և հույնի խառնուրդ, 19-ամյա հունաստանաբնակ այս երգչուհին երազել է բեմի մասին դեռ մանկուց ու այսօր իր ձայնով շատերին է գերում, իսկ համացանցում տեղադրված նրա տեսահոլովակների դիտումները գերազանցում են կես միլիոնը: Նրբագեղ Աթենան երբեք չի եղել իր երկրորդ հայրենիքում` Հայաստանում, բայց քաջատեղյակ է իր ազգակիցների ավանդույթներին ու կենցաղին: Պատրաստվո՞ւմ է արդյոք Աթենան այցելել Հայաստան… Այս և այլ հարցերի պատասխանները կգտնեք АrmFashion.am-ին Աթենա Մանուկյանի տված բացառիկ հարցազրույցում:

 Աթենա Մանուկյան. անուն, որը շատերին է հայտնի, շատերին անծանոթ: Որտեղի՞ց են գալիս Ձեր արմատները:

 - Հայկական ծագում ունեմ և հպարտ եմ դրա համար, բայց պետք է փաստեմ, որ իմ գիտակցական հայրենիքը, որտեղ մեծացել եմ, ուսում առել, երգով եմ զբաղվում` Եվրոպան է /ժպտում է/:

Տեղյակ ենք, որ երբեք չեք եղել Հայաստանում: Ի՞նչ գիտեք Հայաստանի և հայերի մասին:

- Այո՛, ցավոք սրտի, դեռ չեմ եղել Հայաստանում: Սակայն, շնորհիվ իմ ծնողների, ճանաչել, անկեղծ սրտով սիրել ու ընդունել եմ և՛ հայ լինելս, և՛ Հայաստանը, և՛ հայրենակիցներիս: Բացի այդ, «հայեցի» դաստիարակություն եմ ստացել: Մեր ընտանիքը չափից դուրս հայկական է: 

Ինչպե՞ս սկսվեց Ձեր ստեղծագործական կարիերան և ցայսօր ի՞նչ հաջողությունների եք հասել:

- Երաժշտությամբ սկսել եմ ապրել դեռ մանկության տարիներին. երգում էի ընտանիքիս անդամների և ընկերներիս համար, իսկ ինչ վերաբերում է նրան, թե երբ բռնեցի դեպի մեծ բեմ տանող ճանապարհը, ապա դա տեղի ունեցավ 12 տարեկան հասակում,երբ մասնակցեցի մի երաժշտական մրցույթի, որի արդյունքը առաջին մրցանակն էր: Իսկ ահա մեկ տարի անց ուժերս փորձեցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում… ու այդպես սկսվեց իմ «անհավատալի» երաժշտական կարիերան. մեկը մյուսին հաջորդեցին իմ հիթերը` "Party Like A Freak" ,"I Surrender", "XO":

 

Աթենա Մանուկյան. «Հայկական ծագում ունեմ, և ես հպարտ եմ դրա համար»


Կա տարածված կարծիք, որ բեմի մարդը համարվում է նորաձևություն թելադրող: Կիսու՞մ եք այդ կարծիքը:

- Այո՛, դա այդպես է: Ընդհանրապես երկրպագուները միտված են «կրկնօրինակել» իրենց կուռքերին, ինչն ինձ համար անընդունելի է: Թեպետ իմ ոճով ես փորձում եմ դրական «մեսիջներ» հղել իմ արվեստը գնահատողներին: 

Սեփական ճաշակ և նորաձևություն. ի՞նչն է թելադրում Ձեր զգեստապահարանը լրացնելիս:

- Գերադասում եմ առաջնորդվել սեփական ճաշակով, երբեմն էլ մեծ հաճույքով այն համակցում եմ նորաձևության վերջին թրենդների հետ: Թեպետ միևնույն ժամանակ աշխատում եմ օրիգինալ, չկրկնվող ոճով հանդես գալ:

Արդյո՞ք բրենդոման է Աթենա Մանուկյանը:

- Բրենդների սիրահար եմ, բայց կստեմ՝ ասելով, թե խելագարվում եմ դրանց համար: Ինչևէ, կարևորում եմ հագուկապի որակն ու ճաշակը:

Հագուստ ընտրելիս գույների մեջ խտրականություն դնու՞մ եք:

- Իհարկե, ո՛չ: Դրա մասին խոսք անգամ լինել չի կարող: Ես աշխատում եմ հագուստի գույներն ընտրել ելույթներիս ու երգերիս թեմաներին համապատասխան, առօրյա կյանքում էլ վարվում եմ նույն կերպ: 

Ի՞նչ պլաններ ունեք: 

- Ընդունել Հայաստանից ստացված համերգի հրավերը… /ժպտում է/ Մնացածը կյանքը ցույց կտա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել