Կնոջ անձնական կարևոր պարտականություններից էր տան կրակարանն անշեջ պահելը: Այս պարտականությունը շատ հին է և աղերսվում է կրոնական հին հավատալիքների հետ: Այն կինը, որի անգործության կամ անփութության պատճառով հանգչում էր ընտանիքի կրակը կամ անթեղը, անարժան էր համարվում տանտիկին կոչվելու: Հայկական ժողովրդական մի ասացվածքի համաձայն` կնոջ մահը համեմատվում է տան օջախի հանգչելու հետ, ինչը մեծ դժբախտության նշան էր: Ամուսինը կնոջ մահը ողբում էր հետևյալ խոսքերով. «Մեկը չունիմ օճախս վառի, մեկը չունիմ տանս կրակը անի, ճրագը վառի»: Եվ քանի որ կինն էր օջախի կրակի անշեջ պահելու պատասխանատուն, նա էլ սահմանել էր հետևյալ արգելքները. չթքել կրակի վրա, ջուր չլցնել, այն փոխ չտալ, երբեք չհանգցնել և այլն: Թոնիր - օջախը հայոց մեջ դիտվել է սրբություն: Ժողովրդական ընկալմամբ ընտանիք, օջախ բառերը հոմանիշ են և հաճախ գործածվել են տուն, ծուխ, երբեմն նաև` տանտիրուհի, տանտիկին իմաստներով: Պաշտամունքային առումով օջախները նախնիների պաշտամունքի վայրն էին, ողջերի համար պահպանիչ էին ծառայում, խորհրդանշում էին տոհմի հարստությունը, հարատևությունը, առողջ սերունդը, բարեկեցությունը: Այս բոլորի երաշխավորն ու պահպանողը տանտիկինն էր։

Հատված Ռաֆիկ Նահապետյանի ՝«ԿԻՆԸ ՀԱՅՈՑ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ 
(Ըստ սասունցիների ազգագրական սովորույթների)» հոդվածից։

Հ.Գ.
Ես էլ ասում եմ՝ ինչի է տատս միշտ տան կրակն անում ու անընդհատ վառարանում փայտ դնում ու անհանգստանում, որ հանգչում է վառարանը։

Ամբողջական հոդվածը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել