Esem.am-ը գրում է․
«X Factor» նախագծի ֆինալիստ Հայկ Հունանյանն ավարտել է Ճարտարագիտական համալսարանը, այժմ աշխատում է ատոմակայանում ու խոստովանում, ինքն էլ չէր պատկերացնում, որ կլինի բեմում:
«Ինձ ճանաչելով՝ շատ մարդիկ չէին պատկերացնում դա ու մինչև հիմա էլ չեն պատկերացնում: Ես չեմ մտածել, որ մի օր կարող է երևամ հեռուստացույցով, սակայն եթե մարդն ինչ-որ բան սիրում է, պետք է անպայման զբաղվի դրանով»,- ESem.am-ին ասաց նա:
23-ամյա երգիչը 2 տարի է, ինչ ամուսնացած է և ունի 1 տարեկան բալիկ: Նրա խոսքով՝ ամենաշատը կինն է աջակցել իրեն: «Իմ տեսակը, բնավորությունը իմանալով ոչ ոք չի պատկերացրել, որ կարող եմ որոշել մասնակցել նախագծին: Երբ կնոջս ասացի ցանկությանս մասին, միանգամից ասաց՝ շատ լավ բան ես մտացել, քանի որ գիտեր՝ սիրում եմ երգել: Լինելով իմ կինը, իմանալով, որ հետագայում հնարավոր է երկրպագուների և այլ հարցեր առաջ գան, նա ինձ ասաց՝ գնա երազանքիդ հետևից»,- նշեց Հայկը:
Նրա խոսքով՝ ատոմակայանում իր աշխատանքը հերթափոխով է ու փոքր-ինչ անկանոն: «Չեմ պատկերացնում` ինչպես եմ համատեղելու, սակայն չհամատեղելու տարբերակ չունեմ»,- ասաց Հայկը: Անդրադառնալով հարցին, որ նախագծերում ի հայտ եկած շատ տաղանդավոր մարդիկ հետո չեն շարունակում աշխատել այս ոլորտում, քանի որ նաև ֆինանսկան հարցեր են առաջ գալիս, երգիչը պատասխանեց, որ դա մի փոքր բարդ խնդիր է, սակայն պետք է լուծվի. «Կարծում եմ՝ կլուծվի»:

Թեև տղաներից յուրաքանչյուրը ցանկանում է հաղթել, 3-ն էլ ասում են, որ իրենց միջև նեգատիվ մրցակցություն չկա: «Մեզ համար ամենակարևոր և ամենամեծ հաղթանակը ժողովրդի կողմից սիրվելն է: Եթե մեզանից մեկը հաղթի, չի նշանակի, որ նա լավն էր, մյուսները վատն են: Մեր միջև հաղորդման պահանջով եղած մրցակցությունն է, որը, էսպես թե էնպես, պետք է լինի, սակայն նեգատիվ ոչինչ չկա»,- ասաց նա ու հավելեց, որ Անդրեի տված ամենամեծ ու կարևոր խորհուրդն է եղել մարդ մնալը: «Քառյակի ձևավորումից հետո ունեցած առանձնազրույցի ժամանակ նա խորհուրդ տվեց, որ անգամ մեծ բարձունքների հասնելու դեպքում չկորցնենք մեր մարդ տեսակը: Ըստ իս՝ ամենաբարդ բանը մարդ կոչմանն արժանանալը, ու դա մինչև կյանքի վերջ պահելն է»,- նշեց երգիչը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



