Առնվազն տարօրինակ եմ համարում, որ մեր մեջ կան մարդիկ, որ զարմանում են կամ հարցնում են, թե ինչու են ՊՆ-ն ու ԵԿՄ-ն համագործակցում: Ինչ է՝ վատ բա՞ն եք տեսնում դրա մեջ: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, երբ երկու պետականամետ կառույց համագործակցում են ի փառս մեր պետության և ազգի: Եթե ոմանք չգիտեն և անտեղյակությունից են ասում, որ Պատանի Երկրապահներին պետության կողմից սխալ է ֆինանսավորելը կամ ՊՆ-ի կողմից տարբեր կերպ ակումբին աջակցելը, ապա կասեմ նրանց մի բան, որ Պատանի Երկրապահ ակումբի սաները ուղղակի հասարակական կազմակերպության պատանեկան թև չեն. նրանք ապագա զինվորներ են Ազգային Բանակի համար՝ պատրաստի զինվորներ, որոնք բանակ գնալիս շատ քիչ բան է մնում, որ սովորեն, իսկ նրանք ինչքան շատ լինեն և ինչքան պատրաստված, դա բանակի օգուտն է: Բանակում ի թիվս հազարավոր այլ երիտասարդ հայ տղաների ծառայում են նաև հարյուրավոր երիտասարդ երկրապահ կառույցի անդամներ, որոնք բանակ են գնում քաջ գիտակցելով, թե ուր և ինչու են գնում, որոնք բանակի գաղափարական զինվորների շարքերն են համալրում, այլ ոչ թե ուղղակի զորակոչված են: Իսկ ավագ սերնդի երկրապահները այն մարդիկ են, որոնք պատերազմի ժամանակ եղել են կազմավորվող բանակի կամավորական սյուներից մեկը՝ գլխավոր սյուներից մեկը, պատերազմի ժամանակ և պատերազմից հետո եղել են նոր կազմավորվող հայ սպայակազմից: Հազարավոր հայրենասեր ռազմիկներ՝ որպես ՀԿ-անդամներ, ԵԿՄ-ի շարքերում են, իսկ որպես պետության զինվորագրյալ ծառաներ՝ բանակի զինծառայողներ են՝ շարքայինից մինչև գեներալներ: Մի խոսքով ԵԿՄ-ն հզոր է ՊՆ-ով, իսկ ՊՆ-ն՝ ԵԿՄ-ով: Նրանք երկու առանձին կառույցներ են զուտ պայմանականորեն, իսկ իրականում մեկ մարմին և երկու անուն են, երկու երկվորյակ, իսկ այս պարագայում համագործակցել ասելը զուտ պայմանականություն է, նրանք ուղղակի բնականորեն եղբայրներ են, իրարով, իրար հետ հանուն Հայաստանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել