Magaghat.am-ը գրում է.
Խաչատուր Աբովյանը Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման՝ կարևոր դեպքերում ռուս և եվրոպացի ճանապարհորդների համար, որոնք գալիս էին գիտական զանազան ուսումնասիրություններ անելու։
1829 թվին Էջմիածին է գալիս Դորպատի (քաղաք Էստոնիայում) համալսարանի պրոֆեսոր՝ Ֆրիդրիխ Պարրոտը՝ մի խումբ գիտնականներով՝ Արարատի գագաթը բարձրանալու համար։ Պրոֆեսորի խնդրանքով կաթողիկոսն Աբովյանին՝ որպես տեղական հանգամանքներին ծանոթ անձնավորության, թույլ է տալիս մասնակցել այդ գիտական արշավախմբին։ Արշավախումբն ստացել է Նիկոլայ I կայսեր հավանությունը, որը նաև զինվորական ուղեկցող էր տրամադրել։ Անցնելով Արաքսը՝ նրանք գնացին Ակոռի, որ տեղակայված էր Արարատի հյուսիսային լանջին՝ ծովի մակարդակից 1200մ բարձրության վրա։ Արշավախումբը, հետևելով Հարություն Ալամդարյանի խորհրդին, ճամբար են հիմնում Սուրբ Հակոբ վանքի մոտ (ծովի մակարդակից 2400մ բարձրության վրա)։ Հյուսիսային լանջով Արարատի գագաթը մագլցելու նրանց առաջին փորձը ձախողվում է տաք հագուստի բացակայության պատճառով։
Վեց օր անց, հետևելով Ակոռիի գյուղապետ Ստեփան Խոջիյանցի խորհրդին, արշավախումբը վերելքն սկսեց հյուսիսարևմտյան լանջով։ Հասնելով 4885մ բարձրության` նրանք ստիպված էին վերադառնալ, քանզի մինչև մայրամուտը չէին հասցնի գագաթ բարձրանալ։ Արշավախումբը Արարատի գագաթը բարձրացավ երրորդ փորձից 1829 թ. սեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9)-ին՝ 1515։ Աբովյանը սառույցի վրա փոս է անում ու տեղադրում փայտե խաչ՝ ուղղված դեպի հյուսիս։ Նա նաև սառույցի կտոր է դնում շշի մեջ ու որպես սուրբ ջուր իջեցնում։ Հետագայում Արարատի գագաթը բարձրանալը հայտարարվում է «սրբապղծություն», և Աբովյանն այդ պատճառով հալածվում է հոգևորականների կողմից։
Նույն տարվա նոյեմբերի 8-ին Աբովյանն ու Պարրոտը բարձրացան Փոքր Արարատի՝ Սիսի գագաթը։
Տարիներ անց՝ 1845 թ., Աբովյանը գերմանացի բնագետ Օտտո Վիլհելմ Հերման վոն Աբիխի հետ կրկին բարձրացավ Արարատի գագաթը։ Երրորդ և վերջին անգամ Աբովյանը Արարատի գագաթը բարձրացավ 1946 թ. անգլիացի Հենրի Դանբի Սեյմուրի հետ։