Բարեկամներ, գիտեք՝ գրել եմ - 2008-2011թվականներին ամեն օր գրեթե համացանց էի դուրս գալիս և DN FORUM-ում գրում օրվա էսքիզը... Կյանք, վրձնահարվածներ, պատկերներ... Ահա մի էսքիզ... 2009-ից - ոնց որ այսօր գրված լինի...
Կեսօր էր, Թումանյան – Մաշտոց խաչմերուկին, “Սթար” սուպերմարկետի մոտ երկու երիտասարդ աղջիկ, վրաները` առջևից ու հետևից գովազադային տախտակներ առած – “Թումանյանի շաուրմա”, մի գովազդային բացիկ էլ իմ ձեռքը խցկեցին: Բացիկին լուսանկար է – հինգ–վեց լայնաթուշ, հաստափոր խոհարարներ` շաուրմայի շարքի դիմաց հպարտորեն կանգնած: Մեր հայ շաուրմաչին տեսեք ի~նչ է արել – իր ապրանքի անունը միացրել է հայ մեծ բանաստեղծի անվանը – այս փաստը կարող է միայն ապուշին անտարբեր թողնել: Ո՞վ է իրավունք տվել ազգային սրբության անունը միացնել խոզի մսի անվանը – նրանք ի՞նչ կապ ունեն:
Հիմա գանք մեր հայկական շաուրմասեր հանրությանը: Որտե՞ղ է մեր խեղճուկրակ լեզվի տեսչությունը: Որտե՞ղ է ընտրովի քաղաքապետը, – թե՞ նրա գործն է միայն ֆիզիկական աղբը՞ մաքրել Երևանի փողոցներից: Իսկ “մշակութայի՞ն” աղբը, իսկ կրթական միջավայրը աղտոտո՞ղ աղբը: Եվ որտե՞ղ է մեր հեղափոխական փաղանգը – իշխանության ամեն վրիպում կնկատեն, բայց չեն նկատի նրա ձեռքի տակ փթթող հակամշակույթը – հատկապես` հայրենի հեռուստատեսություններով: Չէ~, իրենք քաղաքական խնդիրներ են լուծում… Ո՞վ պետք է հսկի, մաքրի, ազնվացնի ՄԱՐԴՈՒ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ: Միթե՞ սա առաջին քաղաքական և իրական հեղափոխական խնդիրը չէ… Միթե՞ սա քաղաքական պայքարի առաջին նպատակը չէ….
Որտեղի՞ց ստանալ էթիկական օգնություն … Տուն եմ դառնում, անցնում եմ Կոմիտասը, առջևից փողոցն անցնում է մալականների մի ծեր զույգ. տղամարդը թեք նայում է ինձ – ռուս սրբի դեմք է` սրբապատկերից իջած… Ուզում եմ նրան հարցնել` որտե՞ղ են հայ զորավոր սրբերը, և կարծես լսում եմ լուռ պատասխանը` հայ սրբերը հոգնել են իրենց երկրային հայրենիքից, շաուրմայի և իքի-բիրի հոտի մեջ, ապրելակերպի ու մշակութային այս խառնակչության մեջ սուրբ կմնա՞…
Երեկոյան Երևանը տաք էր, լուսավոր: Փողոցներում` հայ գենի նրբակերտ մարմնավորումներ: Չէ~, գեղեցիկ է այս հայրենիքը, քաղցր է այստեղ ապրելը: Միայն ամեն ինչ լինի իր տեղում – սրբերը` երկնքում, Թումանյանը` մեր սրտում, իսկ շաուրման` իր տեղում` երկաթե շշերի վրա: Ես ու դու էլ` ընթերցողս – մեր տեղում: Այսքան բան…
Բարի գիշեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել