Armnews.am-ը գրում է.

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ` Հայաստանի տնտեսական աճը 2014-ին 2.6 տոկոս կլինի: ԱՄՀ ներկայացուցչության ղեկավարը սա և արտաքին, և ներքին գործոններով է պայմանավորում: Եվրամիության երկրներում աճը կանգնել է, Ռուսաստանում`շարունակում է նվազել: Սրանք Հայաստանի առևտրային հիմնական գործընկերներն են և տնտեսական խնդիրները Հայաստանի վրա էլ կազդեն: Դաբան Սանչեսը կարծում է, որ 2012-ին ու 2013-ին բյուջեի թերկատարումները ևս ազդեցություն կունենան: Կանխատեսվում է, որ բյուջեի դեֆիցիտը այս տարի 1.5 տոկոս կլինի: Մյուս տարի այն կկազմի 2.3 տոկոս:

ԱՄՀ ներկայացուցչության ղեկավարը կարծում է, որ կառավարությունը բյուջետային ճիշտ քաղաքականության շնորհիվ կարող է շտկել իրավիճակը հաջորդ տարի: Քանի որ մակրոտնտեսական իրավիճակը երկրում կայուն է: Կայուն է նաև փոխարժեքը, իսկ գնաճը նորմայի սահմանում է: ԱՄՀ-ը ներկայացուցչությունը խորհուրդ է տվել կառավարությանը ավելացնել կապիտալ ծախսերը ու հարկաբյուջետային քաղաքականությունը կայունացնել:

ԵԱՏՄ մուտքը Հայաստանի համար դրական ազդեցություն կունենա առևտրի կազմակերպման առումով: Ռուսաստանը հայկական ապրանքի իրացման հիմնական շուկաներից է, ԱՄՀ ներկայացուցչության ղեկավարը համարում է, որ Հայաստանի և ԵԱՏՄ տարածքի երկրների միջև մաքսակետերի վերացումը կհեշտացնի առևտուրը: Բացի այդ Հայաստանը ստանալու է ընդհանուր մաքսային տուրքերի 1.3 տոկոսը, սա նշանակում է, որ էականորեն կավելանան երկրի մաքսային եկամուտները: 

Որպես ԵԱՏՄ անդամակցության բացասական հետևանք Դաբան Սանչեսը նշում է, որ կավելանա Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ու տնտեսությունն ավելի զգայուն կդառնա: Նրա կարծիքով` Հայաստանը զերծ չի կարող մնալ գլոբալ տնտեսական խնդիրներից, պետք է ներքին դաշտը կայունացնել` հիմնվելով էներգետիկ դաշտի կայունացման ու հարկաբյուջետային քաղաքականության վրա: Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին ոգևորել է Հայաստանում ստվերի դեմ պայքարի կառավարության ծրագիրը:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել