Այս երևույթը շուրջս նկատել եմ դեռևս 2008-ին, երբ ակտիվորեն մասնակցում էի այսպես կոչված «համաժողովրդական շարժմանը»:
Որոշ նախաձեռնություններ, շատ լավ հասկանալով, որ ներկա փուլում անհնար է որևէ իշխանափոխություն, քանի որ իշխանությունն իր ներսում է կենտրոնացրել ավելի մեծ ռեսուրս, քան կա նրանից դուրս գտնվող ընդհանրական տիրույթում, հայտարարում են իրենց իշխանության ոխերիմ թշնամի, ինչ խոսք, իրավացիորեն հույս ունենալով դրա հաշվին մեծացնել իրենց համակիրների քանակը, սակայն մոռանում են, որ հենց այդ օրից անանցանելի պատնեշ են կառուցում իրենց ճանապարհի սկզբնամասում իսկ, ինչը տեսանելի է միայն նրանց, ովքեր մտքի ուժով կարողանում են տեսնել նրանց ամբողջ ճանապարհն իր երկարությամբ:
Նման տրյուկը, ինչպես նաև կոնկրետ հեղափոխության հստակ օրեր նշելը, կասկած չկա, որ հասարակության ուշադրությունը բևեռում է իրենց վրա: Իսկ ստանալով հասարակության ուշադրությունը՝ տվյալ նախաձեռնությունը հայտնվում է գործողությունների կիզակետում և «վայելում» իր նշանակալից, թեկուզ և ժամանակավոր վիճակը, իսկ նրա առաջնորդներըը, գտնվելով նախաձեռնության կենտրոնում, «վայելում» իրենց իշխանական թեկուզ և ժամանակավոր տիտղոսները:
Այս դեպքում սեփական թաքնված եսերը բավարարող վայելքների մեջ հետզհետե մոռացվում է արդյունքը՝ որպես նախաձեռնության գոյության իմաստ, ինչին փոխարինում է միայն ստեղծված վիճակը որքան հնարավոր է երկարացնելու ձգտումը, որպեսզի չկորչի հասարակության ուշադրության բևեռացումը շարժումից և նրա առաջնորդներից:
ՀԳ Ինչպես սեփական ցանկասեր եսերից չազատված մարդն է միայն դրանց բավարարելու համար ձգտում արժանանալ էլ ավելի մեծ թվով մարդկանց ուշադրությանը, այնպես էլ շարժումները, լինելով մարդկային նույն անհատների օրգանական միացությունները, եթե չեն ազատվել իրենց ցանկասեր եսերից, մոռանալով նպատակը, ձգտելու են բավարարվել և տևականացնել ուշադրության կենտրոնում գտնվելու «վայելքը»:
Ցանկացած չկառավարվող և չուղղորդվող էմոցիա ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ առօրյա կյանքում պատճառ է չհաղթահարված ցանկասեր ես-երի, որ ավելի դեպի իրենց ձգելու տենդենց ունեն: