125-ableyan

Ժամանակ
9 օգոստոսի, 2006

Նարինե Ավետյանի հարցին պատասխանում է Աշոտ Բլեյանը:

- Պարոն Բլեյան, քաղաքական առումով Ձեր պասիվությունն ինչո՞վ կբացատրեք:

- Ես որ շատ ուզենամ էլ, չեմ կարող քաղաքականությունից շատ հեռանալ, որովհետև կրթական ոլորտն էլ է կրթական քաղաքականություն պահանջում, և վերջապես այն տարիքում եմ, որ ուզում եմ ավելի խնայողաբար օգտագործել ուժերս և ավելի շատ արդյունք տեսնել: Հետո՝ես կրկնվել չեմ սիրում, իսկ ասելիքս արդեն ասել եմ բարձրաձայն, լսելի, հատու: Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ անգամ պահին ասված խոսքը գործողություն չի դառնում, իսկ ես առանց գործողության չկամ: Իմ խոսքը պետք է անպայման գործողություն դառնա: Ուստի ավելի հարմար գտա այս պարտադրված անշարժության մեջ գտնել մի ավելի համեստ, փակ, ծավալուն ու սահմանափակ տիրույթ, որտեղ ավելի արդյունավետ գործեմ, որտեղ իմ աոսծն ինձ բավարարի, որովհետև ես չեմ կարող այդպես կիսատ- պռատ: Իսկ քաղաքականության մեջ, բնականաբար, շարունակում եմ մնալ, որվհետև հասարակությունը, անհատը, մարդը ընդհանրապես չեն կարող լինել քաղաքականությունից դուրս: Ի՞նչ է նշանակում լինել քաղաքականությունից դուրս՝ ապաքաղաքակա՞ն, ժամանակավրեպ… Կարծում եմ՝ երբեք այնքան արդյունավետ չեմ գործել, որքան վերջին երկու տարում: Արդյունք ասելով նկատի ունեմ որակը, կոնկրետությունը, շահառուին հասցեագրված լինելը:

- Հայաստանյան այժմյան ներքաղաքական կյանքն ի՞նչ զարգացումներ է ունենում Ձեր դիտարկմամբ:

- Այս վերջին շաբաթների ընթացքում ես միայն լիբանանյան իրադարձություններով եմ ապրում: Ինձ անընդհատ թվում է՝ իմ բնակարանը, իմ շենքը ռմբակոծվում է, ու ես մասնակից եմ այդ հանցագործությանը, որ կատարվում է իմ աչքի առաջ: Այդ խաղաղ, անմեղ բնակչության ճակատագիրը ինձ ուրիշ ապրումներ է տվել ես ամեն օր մեռնում եմ, ռմբակոծվում եմ: Եվ այսպես ասած այս հասարակական կարծիքը՝ երբ հայաստանցիները մտածում են, թե իրենք ընդամենը «տելեվիզըր» են նայում, և այդ ամենը իրենց չի վերաբերում, քանի որ ուրիշ աշխարհում է, իրենք ուրիշ ցեղ են, մյուս կողմից էլ նայում ես՝ այդ հասարակական միջազգային ընկերակցություն կոչվածների արձագանքը, որ հեչ համարժեք չի այս ողբերգությանը: Սա մի անգամ ևս ընդգծում է այս ոչ խաղաղություն, ոչ պատերազմ՝այս սառեցված, վտանգավոր վիճակը, որում մենք ապրում ենք: Այս առումով լավագույն բանը, որ կարդացել եմ վերջերս, դա ձեր թերթում տպագրված՝ ամերիկահայ բժիշկ Գրիգոր Գրիգորյանի խաղաղության մանիֆեստն է: Ինձ ուղղակի հիացրեց, որ կա այդպիսի սփյուռքահայ, որ տեսնում է՝ խաղաղության հաստատումը հրատապ է, անհետաձգելի, և մեզ համար միակ խնդիրն է, որ այսօր պետք է լուծենք: Բայց մյուս կողմից էլ նայում ես այդ մանիֆեստի հասարակական արձագանքին ու… Ինձ թվում էր, որ գոնե բոլոր թերթերը, հասարակական կազմակերպությունները, կուսակցությունները կարձագանքեին: Նման մանիֆեստի «փորձ» ես ունեցա, չէ՞ 1992 թվականին, երբ դիմեցի Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին: ժամանակին ասված այդ կոչը կամ մանիֆեստը ինչպես հարմար կգտնեք անվանեք, որի և կոնկրետ կրողը կար, և նրան ուղղված գործողությունները կային, և ես մտածում էի, որ երկու ժողովուրդները կհամակվեն այդ կոչով և կգտնեն ձևը խաղաղ գոյակցության: Ցավոք այդպես չեղավ, անցել է արդեն 14 տարի, և նորից այս խաղաղության կոչը անարձագանք է մնում: ժողովուրդը, որն ունի ապագա, որն ընդհանրապես պոտենցիալ ունի, պետք է հասկանա, որ խաղաղության հաստատումը բարդ, ստեղծագործական, հետաքրքիր աշխատանք է, որը բոլորիս համագործակցությունն է պահանջում: Կկարողան՞նք մենք դրսևորել այդ տաղանդը: Եվ իմ, և ձեր սերունդը եթե չկարողացավ այսօր այդ խաղաղությունը հաստատել, ուրեմն մեր բոլոր ջանքերը, ծրագրերը, բարեփոխում կոչվածներն իզուր են, դատապարտված են:

- Ղարաբաղյան խնդրի կարգավորման ի՞նչ ճանապարհ եք տեսնում, այսօր ովքե՞ր և դեպի ու՞ր են տանում այս խնդիրը:

- Ովքե՞ր և ո՞ւր… Այո, շատ վատ է, երբ ամեն ինչ իներցիայով է առաջ գնում, երբ մեր կամքին չի տրվում, երբ կեղծիքի ու ինքնախաբկանքի մեջ ենք ապրում: Ես երբեմն ինքս ինձ ասում եմ՝ ընդունեք ամենավառ երևակայությունն ու ներկայացրեք այդ լուծումը, եթե ազնիվ կլինեք մինչև վերջ… Արդեն ամեն ինչ կընկնի իր տեղը… Բայց քանի որ այս անազնվությունը մեզ բնորոշ բան է, որ ներսից մինչեւ վերջ մեզ քայքայել է՝ չենք կարողանում ազնիվ լինել իրար հետ, տանը, ընտանիքում, կեղծիքը ամեն ինչ կերել է, այս իրականության մեջ մտքի այդ աշխատանքը չի կատարվում: Իմ լավ բարեկամ Տիգրան Հայրապետյանը, որ ողբերգական մահ ունեցավ, ինքը մի պատկեր էր ստեղծել, որը կարող էր այլընտրանք դիտվել: Ինքը հավատում էր, որ հնարավոր է այս ժողովրդի ոգեղեն, ամենավսեմ որակների միջոցով ստեղծել մի վիճակ, որի շնորհիվ այս առճակատումը կարող է օգնել, որպեսզի շահած դուրս գանք, այսինքն՝ պատմական այս անարդարությունը, որը փաստ է, վերականգնվի: Տիգրանը հավատում էր, որ ժամանակակից այս քաղաքակիրթ արժեքները հնարավոր է շատ արագ սեփակամացնել ներսում ստեղծել շատ բաց քաղաքացիական հասարակություն, որն իր ներսում այնքան արդար կլինի և այդ արդարության մեջ՝ այնքան hqոր, որ կկարողանա այս պատերազմում շահել և կկարողանա ոչ միայն հող գրավել, այլև այդ հողը դարձնել իրենը՝որպես պետության մաս և այնտեղ ապրել, ընդ որում՝ ապրել այսօրվա աշխարհի կանոններով: Բայց տեսանք ինչ ողբերգական ավարտ ունեցավ: Ու մենք գնացինք մեզ բնորոշ մի ուրիշ ճանապարհով, այն՝ ինչը որ հիմա կա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել